Աբու Դաբիի հայկական վարժարանում ուսանում է շուրջ 40 երեխա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/Վարժարան-գլխ.jpg)
Արաբական Միացյալ Էﬕրություններում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նոյեմբերի 9-ին այցելեց Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի: Հոգևոր այս կառույցի հիմնարկեքն իրականացվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ձեռամբ՝ 2012թ. մայիսի 4-ին, իսկ արդեն 2014թ. դեկտեմբերի 12-ին Արամ Ա-ն օծել է Սրբոց Նահատակաց եկեղեցին:
ՀՀ Նախագահն այցելեց նաև եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, որը գործում է այս տարվանից: Նախագահի գլխավորած պատվիրակությանը փոքրիկներն աղուհացով, ազգային տարազներով և Հայաստանի ու ԱՄԷ-ի դրոշներով դիմավորեցին հենց վարժարանի բակում: Վարժարանում այսօր ուսանում է շուրջ 40 երեխա: Վարժարանն ունի մանկապարտեզ և միջնակարգ կրթական բաժին:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ այստեղ դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, հայ երգ և պար: Մինչ վարժարանի հիմնումը հայ աշակերտները Մայրենին սովորում էին հանգստյան օրերին՝ իբրև հավաքատեղի օգտագործելով այլ դպրոցների տարածքները:
Նույն օրը ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության և հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով: Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Մովսես Խորենացի» մեդալով է պարգևատրել կիրակնօրյա վարժարանի բարերար Արա Խանոյանը: