«Թևանիկը» եւ Լեռնային Ղարաբաղի հարցը Կարլի համալսարանում

Նոյեմբերի 1-ին  Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Արեւելաեվրոպական ակումբում ցուցադրվեց  կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ,,Թեւանիկ,, հայտնի ֆիլմը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին եւ հարեւան Ադրբեջանի հետ սկսված պատերազմին։ Ձեռնարկի կազմակերպիչ Յան Կամենսկին նախ լուսանկարների ցուցադրությամբ ընդհանուր տեղեկություններ հաղորդեց ֆիլմի, ռեժիսորի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին, ապա ներկաներին հրավիրեց դիտելու ֆիլմը։

Դահլիճում հիմնականում Կարլի համալսարանի ուսանողներ էին, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, կային նաեւ ադրբեջանցիներ։

Ֆիլմն ընդհանուր առմամբ մարդկային պատմությունների շարան է՝ պատերազմական իրադարձությունների պայմաններում կազմված երեք նովելներից՝ Արամ, Աստղիկ եւ Թեւանիկ։ Այս երեք երեխաենրի անձնական պատմություններով էլ ցույց է տալիս, թե մեկ օրվա մեջ ինչ է կատարվում ադրբեջանական սահմանին մոտ գտնվող արցախյան գյուղում։ 1991 թվականն է, նոր է սկսվում հակամարտությունը եւ այս գյուղում ապրում են թե հայ-ադրբեջանական ընտանիք, թե սփյուռքից եկած ազատամարտիկ-հրամանատար, եւ թե երեխաներ, որոնք դառնում են պատերազմական գործողությունների գլխավոր հերոսները։ Մարդկային հարաբերությունների, հոգեբանության եւ  ապրելակերպի մի գեղեցիկ նովել է Թեւանիկ ֆիլմը։

jantevanik-dahlichՖիլմի ավարտից հետո քաղաքագետ Օնդրեյ Դիտրիխը ներկայացրեց 2016 թվականի ապրիլին վերսկսված քառօրյա պատերազմի մասին իր տեսակետները, նշելով, որ Խորհրդային Միության փլուզման արդյունքում պատերազմի վերածված հակամարտությունը, որ 25 տարի շարունակ ոչ մի վերջնական լուծում չի ստանում, լիովին կախված է մեծ տերությունների ազդեցությունից, մասնավորապես Ռուսաստանի։ Քաղաքագետի կարծիքով, անցած տարիներին երկու անգամ կողմերը շատ մոտ են եղել լուծմանը՝ հատկապես ՔԻ Վեստում եւ Կազանում,  սակայն ամեն անգամ ինչ որ պատճառներով վիժեցվել է՝ ՙՙՉգիտեմ ում մեղքով, բայց երեւի կամ Ադրբեջանի, կամ էլ Ռուսաստանի պահպանողական ուժերի մեղքով։,- ասաց նա։  ՚՚Նախագահ Մեդվեդեւը շատ էր ուզում այդ հարցը լուծել, եւ դրա համար կազմակերպեց Կազանի հանդիպումը, սակայն վերիջն պահին, ինչ որ բան էլի չստացվեց՚՚։- նշեց Օնդրեյ Դիտրիխը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի շահերից չի բխում, որ այդ հակամարտությունը սրվի։

Ադրբեջանցի ուսանողի հարցին ի պատասխան, թե ինչու միջազգայնորեն ճանաչված նորմը՝ տարածքային ամբողջականության մասին չի կիրառվում Լեռնային Ղարաբաղի պարագայում, եւ միջազգային ուժերը ինչու չեն ստիպում ազատել հայերի կողմից գրավված տարածքները, քաղաքագետը պատասխանեց, որ ինչպես տարածաքային ամբողջականությունն է  միջազգային օրենքի մաս, այնպես էլ՝ ինքնորոշման իրավունքը։ Այնպես որ, պետք չէ Ղարաբաղի խնդիրը նույնականացնել այլ հակամարտությունների հետ։

tevanik-ondrej-ditrich1Օնդրեյ Դիտրիխը խոսեց նաեւ չեխական պաշտոնական տեսակետի մասին, որ այն հիմնականում գտնվում է ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ, լավ աշխատում է ՚՚խավիարային դիվանագիտությունը՚՚, որի արդյունքում նաեւ խորհրդարանը Խոջալիի մասին ինչ որ որոշում է կայացրել։

Բանախոսը պատասխանեց նաեւ այլ հարցերի, խոսելով նաեւ Արեւմուտքի կողմից տարբեր հակամարտություններին արձագանքելու տարբեր մակարդակների մասին։

Քննարկումն անցավ բաց եւ ազատ մթնոլորտում, ինչը հանդիպմանը ներկա ուսանողներին հնարավորություն տվեց ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Նշենք, որ  դոկտոր Օնդրեյ Դիտրիխը ավարտել է ոչ միայն Կարլի համալսարանը, այլեւ Քեմբրիջի համալսարանի մագիտրատուրան։ Նրա դիպլոմային աշխատանքը՝ ՚՚Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտության էթնոքաղաքականությունը եւ աշխարհաքաղաքականությունը՚՚, արժանացել է Կարլի համալսարանի ռեկտորի հատուկ մրցանակին։

ՕՐԵՐ ամսագիր

Orer.eu

Scroll Up