Թուրքիայի կառավարության ցանկությունը՝ զրկել ոչ թուրքալեզու լրատվամիջոցներին պետական ֆինանսավորումից, նորություն չէ․ «Ակօսի» խմբագիր

Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի կառավարության ցանկությունը՝ զրկել ոչ թուրքալեզու լրատվամիջոցներին պետական ֆինանսավորումից, նորություն չէ։

Նա տեղեկացրեց, որ արդեն տարիներ  է՝ «Ակօսում» չեն հրապարակվում  պաշտոնական հաղորդագրությունները։

«Բայց պետությունը որոշել էր դրա փոխարեն նվիրատվություն տալ՝ որպես բարյացակամության նշան, սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում այդ նվիրատվություններն էլ չեն տալիս»,- ասաց  նա:

«Ակօսի» հայերեն էջի պատասխանատուն նշեց, որ իրենց թերթի հիմնական եկամուտը թերթի վաճառքից է գոյանում և նաև գովազդներից:

Հարցին՝ «Ակօսը» որևէ ճնշման ենթարկվո՞ւմ է, Բագրատ Էստուկյանը պատասխանեց, որ իրենց վրա ուղղակիորեն ճնշում չկա, գրաքննություն` ևս: «Բայց ընդհանրապես մամուլի վրա ճնշումները շատ են․ բազմաթիվ լրագրողներ կան բանտարկված: Մամուլի ազատությունը կալանքի տակ է,-ասաց նա՝ նորից շեշտելով, որ «Ակօս»-ը շարունակելու է իր գործունությունը՝ հույսը սեփական միջոցների վրա դնելով:

Tert.am-ին Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանն էլ ասաց, որ ինքը և իր կուսակցության անդամներից մեկը դիմել են դատարան՝ կառավարության՝ ոչ թուրքալեզու մամուլին ֆինանսավորումից զրկելու օրենքը չեղարկելու համար։

«Արդեն չէր թույլատրվում պաշտոնական հայտարարությունները հրապարակել ոչ թուրքալեզու լրատվամիջոցներում, բայց դժբախտաբար նրանք դա դարձրեցին պարտադիր օրենք»,- ասաց Սելինա Դողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը քննադատել է կառավարության որոշումը, ըստ որի՝ Թուրքիայում գործող և բացի թուրքերենից այլ լեզուներով հրատարակվող ԶԼՄ-ները զրկվելու են պետական աջակցությունից:

«Մեր մտահոգությունն այն է, որ դա չի կարող շարունակվել այլևս: Նրանք այս օրենքը ցանկանում են ընդունել, որ պատժեն լրատվամիջոցներին, որոնք հետաքննում են հեղաշրջման փորձը, սա տնտեսական պատժամիջոց է լրատվամիջոցներին՝ նրա համար, թե իրենք ինչ են ներկայացրել»,- ասաց Սելինա Դողանը:

Նա նշեց, որ ոչ թուրքալեզու լրատվամիջոցների համար պաշտոնական գովազդներից ստացված շահույթը ոչ հիմնական, բայց կարևոր ֆինանսական աղբյուր է:

Scroll Up