UNESCO-ն Դիլիջանն ընդգրկել է ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (UNESCO) Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC): Դիլիջանը միանում է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ցկյանս ուսումնառությանն աշխարհի տարբեր համայնքներում՝ կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի և գործընկերության միջոցով խթանելով քաղաքական երկխոսությունը և անդամ քաղաքների միջև փորձի փոխանակումը:
«Դիլիջանի բոլոր քաղաքացիների համար UNESCO-ի կողմից նման ճանաչման արժանանալը մեծ պատիվ է, քանի որ Դիլիջանը շարունակում է առաջարկել նոր կրթական ծրագրեր՝ մեր քաղաքացիներին 21-րդ դարի կրթությանը պատրաստելու համար»,- ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, ով կարևոր դերակատարում է ունեցել Դիլիջանը GNLC-ում ընդգրկելու գործում:
«Դիլիջանը հարթակ է դարձել այնպիսի տեղական և միջազգային կենտրոնների համար, ինչպիսին են UWC Դիլիջան քոլեջը, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Դիլիջանի համայնքային կենտրոնը: Այս տարի քաղաքում անցկացվեց Դիլիջանի արվեստների դիտարանը»,- նշել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
UNESCO Ցկյանս ուսումնառության ինստիտուտի տնօրեն Արնե Կարլսենն իր նամակում նշել է Դիլիջանի «կրթական քաղաքի տեսլականի հաջող նախագծումն ու իրականացումը»՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ Դիլիջանում հետագա զարգացումների մասին:
Դիլիջանի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանն էլ նշել է. «Մենք ապրում ենք բարդ և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ երկրի մրցունակությունն ու տնտեսական աճը մեծապես կախված են կրթության որակից: Վստահ եմ, որ Դիլիջանի ներգրավումն Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում կնպաստի կարևորագույն խնդրի՝ Դիլիջանը Հայաստանի կրթական կենտրոն դարձնելու լուծմանը»:
Այս ցանցում Դիլիջանը Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու հնարավորություն կստանա՝ իր քաղաքացիներին ցկյանս ուսումնառության հնարավորություն տալով և, այդպիսով, բազմակողմ և հավասար կրթություն ապահովելով:
Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցի մասին
Այժմ աշխարհի ավելի քան 1000 քաղաքներ և համայնքներ դարձել են կամ դառնում են ուսումնառու/կրթական քաղաքներ: Այս քաղաքները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային քաղաքական երկխոսությանը, ուսումնասիրություններին, կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը: Ինչպես նաև նրանք կարող են իրենց քաղաքացիների համար արդյունավետ օգտագործել ցկյանս ուսումնառությունը խթանելու՝ ուսումնառու քաղաքի մոտեցումները: UNESCO-ն ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցը հիմնել է, որպեսզի նպաստի դրանց թվի աճին՝ խթանելով քաղաքային համայնքներում ցկյանս ուսւոմնառությունը: GNLC համաշխարհային ցանցը մոբիլիզացնում է քաղաքները՝ ներկայացնելով, թե տվյալ քաղաքի ռեսուրսները ինչպես կարող են բնակիչներին ուսումնառության արդյունավետ հնարավորություններ տալ՝ «խթանելով մարդկային ներուժի աճը, պահպանելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը, ինչպես նաև ապահովելով սոցիալական համախմբվածություն և կայուն բարեկեցություն»: GNLC-ը հիմնվել է, որպեսզի աջակցի քաղաքներին ուսումնառու քաղաքներ դառնալու ճանապարհով իրենց բնակիչների, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար ավելի լավ ապագա ստեղծել:
UNESCO-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցկյանս ուսանողներն ավելի հեշտ են հարմարվում իրենց համայնքի և միջավայրի փոփոխություններին: Այդ իսկ պատճառով ցկյանս ուսումնառությունն ու ուսումնառու հասարակության գաղափարը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացող հասարակության ձևավորման գործում: