Գրքի շնորհանդես Ռումինիայի Կոնստանցա քաղաքում

Հոկտեմբերի 9-ին, ժամը՝ 13:30-ին, Իբիս հյուրանոցային համալիրի «Պրեստիժ» սրահում տեղի ունեցավ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի «Քարոզներ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ տարբեր քաղաքներից՝ Բուխարեստ, Պիտեշտ, Թուլչա և այլն, ինչպես նաև՝ տեղական ռադիոյի և մամուլի ներկայացուցիչներ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են Ռումինիայի Հայոց թեմից՝ բանախոսությամբ հանդես եկավ Արշալույս Սարգսյան Գուրըուն, ով նաև գրքի խմբագիրներից մեկն է՝ անդրադառնալով գրքի կարևորությանն ու նշանակությանը յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիքից ներս: Խոսքով հանդես եկավ նաև հեղինակը՝ արժ. Տ. Օշական քհն. Խաչատրյանը՝ խոստովանելով, որ քարոզները մեկ ընդհանուր գրքով լույս ընծայելու մտահղացումը ի սկզբանե եղել է Թեմակալ Առաջնորդինը, ով մշտապես հորդորել է հավաքել և մեկ ընդհանուր գրքի մեջ լույս ընծայել քարոզները: Հեղինակը երախտագիտական և շնորհակալական խոսքով դիմեց նաև բոլոր նրանց, որոնք իրենց լուման են ներդրել գքրի հրատարակության գործում:
Գիրքն ընդգրկում է 2012-2015թթ. ընթացքում Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու սրբազան խորանից խոսված 43 քարոզներ: Գիրքը երկլեզու է՝ հայերեն և ռումիներեն, նախատեսված ինչպես հայախոս, այնպես էլ ռումինախոս ընթերցողների համար:
Քարոզգրքի նպատակն է Աստծո խոսքն ու Ավետարանական ճշմարտություններն առավել հասանելի ու մատչելի դարձնել հասարակության լայն շրջանակների համար՝ նպաստելով քրիստոնեական կյանքում հետագա առաջընթացին ու հավատքի զորացմանը:
Գիրքը լույս է ընծայվել օրհնությամբ Տ. Տաթև եպս. Հակոբյանի և աջակցությամբ ու հովանավորությամբ Ռումինիայի Հայոց միության՝ «Արարատ» հրատարակչությունում: Հայերնից ռումիներեն թարգմանությունն իրականացրել են Արշալույս Սարգսյան Գուրըուն, Ազատուհի Բենլիանը, Մերիլու Գարգալիանը և լուսահոգի Թամարա Թումալյանը: Էջադրումը կատարել է Լաուրենցիու Պոպեսկուն: Քարոզգիրքը տպագրվել է 200 օրինակով:
Շնորհանդեսի ավարտին բոլոր ներկաներին ու հրավիրյալներին իր օրհնությունը բերեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ շնորհավորելով Տեր Հորը և բոլոր նրանց, որոնք ներդրում են ունեցել գրքի լույս ընծայման կարևոր և հրամայական գործում:
Նշենք նաև, որ գրքի շնորհանդեսը մասն էր կազմում այն տոնական միջոցառումների ու սրբազան արարողությունների, որոնք կազմակերպվել էին հոկտեմբերի 8-9-ը Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրվա առիթով: