ՀԱԿՈԲ ՓԱՆՈՍՅԱՆ .«Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի»

Հայաստանում է Կալիֆորնիայի «ԱՐՓԱ» ինստիտուտի նախագահ, Կալիֆորնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի դասախոս Հակոբ Փանոսյանը:
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Արփա» ինստիտուտի «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը, որին 2013թ. մասնակցության հայտ էր ներկայացրել 8 ուսանող՝ ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից, ՀՊԱՀ-ից և Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայից:
Հոկտեմբերի 24-ին Ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քննարկվեցին համագործակցության, ուսանողների միջև փոխադարձ կապերին վերաբերող հարցեր:
Նույն օրը «ԱՐՓԱ» ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանի հետ զրուցել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Լիլիթ Դամիրյանը:
-Պարո´ն Փանոսյան, խնդրում եմ՝ հակիրճ ներկայացնեք՝ որտեղ եք ծնվել, ուսանել, ինչպես եք հիմնավորվել ԱՄՆ-ում:
–Ծնվել եմ Այնճարում, նախնական և երկրորդական կրթությունս ստացել եմ Այնճարի Ավետարանական երկրորդական վարժարանում: Ավարտել եմ Բեյրութի Ամերիկյան համալսարանը և տեղափոխվել ԱՄՆ, որտեղ ստացել եմ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մագիստրոսի, այնուհետև` Կալիֆորնիայի Համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում` ճարտարագիտության դոկտորի աստիճան:
-1983-ին հիմնադրել եք <Ճարտարապետների և գիտնականների ընկերակցությունը>, իսկ 1992թ. ի վեր ստեղծել և ղեկավարում եք «Արփա» հիմնարկը:
Միևնույն ժամանակ ավելի քան 75 գիտական հոդվածների հեղինակ եք, կատարել եք բարդ հրթիռային շարժիչի կառավարման ծրագրավորումը, որը փորձարկվել է և պիտի օգտագործվի օդանավ-հրթիռների նորատիպ սիստեմներում:
Ինչպե՞ս է հաջողվում Ձեզ համատեղել գիտնականի աշխատանքը կազմակերպչական այսպիսի լայնածավալ, այդ թվում` Հայաստանում գիտա-տեխնիկական բարեգործական գործունեության հետ:
–Այնտեղ` Սփյուռքում, հայրենի գիտության զարգացմանը, հայրենիքի զարգացմանն աջակցելու միտքն անգամ մեզ ուժ է տալիս: Մեր հիմնական խնդիրը երիտասարդներին օգնելն է:
Կուզեի տեսնել երիտասարդություն, որն իրեն իր երկրի տերն է զգում և սրտացավորեն է վերաբերվում իր հողին, ժողովրդի առողջությանը, անաղարտ բնության պահպանմանը և բոլոր ոլորտներում Հայաստանի բարգավաճմանը: Մեզ հուսադրում է իրենց իրավունքներին տեր կանգնող գիտակից երիտասարդների գիտական գործունեությունը և մարդկային նկարագիրը:
Մեր ծրագրերն էլ գալիս են օժանդակելու հենց այս երիտասարդին, հայ գիտատար միտքը, որպեսզի հայ երիտասարդները համաքայլ գնան աշխարհի զարգացած երկրների գիտնականների հետ, մասնակիցը դառնան աշխարհի մարտահրավերների:
Ցանկացած երիտասարդի ներկայացրած նորարարություն մեզ համար կարևոր է ու խրախուսելի, եթե կարողանում է հիմնավորել, որ նման միտք և այդ մտքի իրագործման հետ կապված ծրագիր դեռևս չի եղել:
Սակայն ցավով պիտի նշեմ, որ ոչ մի գերատեսչություն, բացի ՀՀ սփյուռքի նախարարությունից, մեզ չի աջակցում և մեզ հետ չի գործակցում:
-Պարո´ն Փանոսյան, որքա՞ն ժամանակ է՝ գործում «Արփա»-ն, ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունի:
-«Արփա» ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության խթանումը՝ կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում:
«Արփա»-ն օգնում է ՀՀ երիտասարդ գիտաշխատողներին, որպեսզի կատարեն իրենց հետազոտությունները արդիական գիտա-տեխնոլոգիական միջոցներով՝ նորարարություններով, նոր արտադրանքով և գյուտերով նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը:
Այս տարի, ցավոք, «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը 8 ուսանող՝ ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից, ՀՊԱՀ-ից և Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայից: Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի հայտեր ներկայացնողների թիվը պակասել է:
Բոլոր մասնակիցները ստացել են դիպլոմներ, մրցանակային հանձնախումբը 1-ին տեղ որոշեց ոչ մեկին չտալ, իսկ 2-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած ուսանողներն ու նրանց գիտական ղեկավարները ստացան նաև դրամական պարգևներ՝ 400-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար գումարի չափով:
–Բացի «Նորարաություն» ամենամյա մրցանակաբաշխությունից, որն ընդամենը 6 տարվա պատմություն ունի, «Արփա»-ն Հայաստանում 1992թ.-ից իրականացրել է բազմաթիվ այլ ծրագրեր: Պատմե´ք,խնդրում եմ, դրանց մասին:
«Արփա»-ն ուսումնասիրում է ՀՀ գիտատեխնիկական տարբեր բնագավառները և, ըստ մեր մասնագետների եզրակացությունների, կազմում է ծրագրեր:
1992թ. մենք Հայաստանում կազմակերպեցինք էներգետիկների առաջին համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայրենիք ժամանեցին Սփյուռքի 29 էներգետիկներ:
Լոս Անջելեսում կազմակերպում ենք հեռավար ուսուցման սեմինարներ, որոնց միջոցով ծավալում ենք մասնագիտական բանավեճեր հայության և Հայաստանի կարևոր հարցերի շուրջ: Ունենք ամենամսյա հեռավար դասախոսություններ, որոնք միտված են Հայաստանի հայության հետ կապված կարևոր տեղեկությունների և խնդիրների քննարկմանը: ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մասնագետները գիտության եւ մասնավորապես ճարտարագիտության նորարարությունների մասին իրենց գիտելիքները, տեղեկությունները հեռավար դասախոսությունների միջոցով փոխանցում են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին: Ունկնդիրներն այս սեմինարների ընթացքում ուղղում են իրենց հարցերը և ստանում են պատասխաններ:
Նշեմ նաև, որ 7 տարի է, ինչ մեր մշակած «Առողջ ապրելակերպ և կյանքի ոճ» կրթական ծրագիրը ներդրվել է հայաստանյան հանրակրթական դպրոցներում:
-Հայկական մշակույթի պահպանման ինչպիսի՞ ծրագրեր ունեք, Հայաստանում որքանո՞վ են աջակցում Ձեր ծրագրերի իրականացմանը:
-Ի թիվս բազմաթիվ աշխատանքների` շատ կարևորում եմ «Ի-արխեոլոջի» (е-archeology) ծրագիրը, որը թանգարանային ամբողջ արխիվի և ցուցանմուշների թվայանցումն է: Այդ ծրագիրը Սիրիայի համար պատրաստել էր Դամասկոսի մեր ընկերներից մեկը, բայց Սիրիայում չօգտագործվեց, հիմա նա պատրաստ է այդ ծրագիրն անվճար տրամադրել Հայաստանին:
«Ի-արխեոլոջի» ծրագրի միջոցով հնարավոր է թվայնացնել ՀՀ տարածքում գտնվող բոլոր պատմա-հնագիտական (թանգարանային և այլ) իրերն ու հուշարձանները:
Կալիֆորնիայում գործող՝ Հայաստանի համար հետազոտական-վերլուծական և պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտը` «Արփա»-ն (Analysis Research and Planning for Armenia, ARPA) այս օրերին դրամահավաք է սկսել Հայաստանի համար ԴՆԹ-սեքվենսորի ձեռքբերման նպատակով:
ԴՆԹ-սեքվենսորը գիտական սարքավորում է, որն օգտագործվում է ԴՆԹ հաջորդականության որոշման ավտոմատացման նպատակով:
Ծրագրի նպատակն է ձեռք բերել Հայաստանի համար ժամանակակից ԴՆԹ-սեքվենսոր և պատրաստել կադրեր, որոնք կաշխատեն սարքավորման հետ: Դա թույլ կտա բացահայտել հազարավոր հիվանդությունների գենետիկական ասպեկտները:
ԴՆԹ-ի (DNA) ծրագրի իրագործման համար, որի կարևորությունը ՀՀ տնտեսական և գիտահետազոտական զարգացման համար անգնահատելի է, մենք ակնկալում ենք ՀՀ Կառավարության աջակցությունը:
Մեր ինստիտուտի որակյալ մասնագետները բոլորն էլ աշխատում են անվճար, կամավոր կերպով: Ուսումնասիրում ենք ՀՀ գիտատեխնիկական տարբեր բնագավառները և, ըստ մեր մասնագետների եզրակացությունների, ծրագրեր կազմում: Որպես արդյունք` բերեմ Էրեբունի հիվանդանոցում արյան փոխներարկման և հետազոտման ամենաարդիական կենտրոն հիմնելու օրինակը:
Սակայն ARPA-ի նպատակները հնարավոր է իրագործել միայն ՀՀ կառավարության օժանդակությամբ, քանի որ մեր գործունեության առանցքը Հայաստանին մասնագիտական ծառայություններ տրամադրելն է:
-Գիտության ոլորտում ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում: Կա՞ արդյոք մշակված գիտության զարգացման պետական ռազմավարություն: Համագործակցու՞մ եք արդյոք ԳԱ Ակադեմիայի, գիտության ոլորտը համակարգող կառույցների հետ:
-Գիտության ոլորտն այսօր Հայաստանում ճգնաժամ է ապրում:
Մեր աշխատանքների կիզակետում ուսանողներն են և երիտասարդությունը, քանի որ Հայաստանի ապագան նոր սերունդն է, որն իր առողջ մտածելակերպով և որպես ՀՀ գիտակից քաղաքացի, պիտի առաջնորդի երկիրը դեպի զարգացում:
Շատ անելիքներ կան գիտության ոլորտում, թեև առաջադիմություն որոշակիորեն նկատելի է, օրինակ` Երևանի ճարտարագիտական համալսարանի նոր լաբորատորիան հնարավորություն է տալիս ուսանողներին փորձարկելու իրենց տեսական գիտելիքները զանազան ճյուղերում: ԳԱԱ որոշ ինստիտուտներ նույնպես որոշ աշխատանքներ են տանում` մասնակցելով համաշխարհային գիտաժողովների:
Այսօրվա արագ զարգացող աշխարհում, եթե երկիրը նոր ապրանքներ չի ստեղծում, չի կարող շատ առաջ գնալ տնտեսության մեջ: Իսկ որպեսզի կարողանա մրցակից դառնալ, պետք է ճանաչվի իր սեփական արտադրանքով: ՏՏ ոլորտում բավական առաջադիմություն կա, բայց միայն ՏՏ ոլորտով չես կարող զարգացնել տնտեսություն:
Գիտության ցանկացած ճյուղով կարելի է զարգացնել տնտեսությունը: Օրինակ` հողագործությունը ևս նորարարություններ ունի, նույնը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին: Դեղագործածության ոլորտը պետք է առանձնահատուկ տեղ ունենա Հայաստանում, քանի որ հնարավոր է փոքր միջոցներով նորարարություններ ունենալ:
Պետական ռազմավարություն պետք է մշակվի, թե որ ուղղություններով զարգացնել Հայաստանի գիտությունը` անհրաժեշտության դեպքում դրսից մասնագետներ հրավիրելով:
Ես հավատում եմ գիտության շնորհիվ զարգացած Հայաստանի ապագային:
Համոզված եմ, որ այսօր նորարարների աշխատանքների միջոցով է հնարավոր Հայաստանի տնտեսությունն արագորեն զարգացնել ու դարձնել մրցունակ:
–Պարո´ն Փանոսյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ ազգանվեր գործունեության համար: Թող որ հայրենի գիտությունը զարգացնելու Ձեր բոլոր ծրագրերն իրականություն դառնան:
Հարցազրույցը՝ Լիլիթ ԴԱՄԻՐՅԱՆԻ