«Ես օտար էի, և դուք ինձ ընդունեցիք». հայ մշակույթի օրեր Շտուտգարտում

Հոկտեմբերի 13-23-ը Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի նախաձեռնությամբ Շտուտգարտում կանցկացվեն «Հայ մշակույթի օրեր»: «Ես օտար էի, և դուք ինձ ընդունեցիք» խորագիրը կրող մշակույթի օրերի ընթացքում կկազմակերպվեն համերգներ, ֆոտոցուցահանդես, դասախոսություններ, եկեղեցական արարողություններ, մեկօրյա սիմպոզիում, գրքերի շնորհանդեսներ և այլ միջոցառումներ:
«6-րդ անգամ կազմակերպվող «Հայ մշակույթի օրեր»-ի շրջանակներում՝ փորձելու ենք ներկայացնել Հայկական սփյուռքը, խոսել Հայաստանում ապրող փոքրամասնությունների մասին՝ մշակույթի լեզվով»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը:
Միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 13-ին:
Մշակույթի օրերի շրջանակներում հոկտեմբերի 15-ին կազմակերպվող սիմպոզիումի թեմաները բազմաթիվ են՝ փախստականների հիմնախնդիրը, Սիրիայի, Մերձավոր Արևելքի ներկա իրավիճակը և քրիստոնյաների ապագան այդ երկրներում, ԼՂ հիմնահարցը: «Համագործակցում ենք գերմանացի պրոֆեսոր Թեսա Հոֆմանի և Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի քաղաքական կրթության կենտրոնի հետ: Հրավիրված են գերմանացի, հայ դասախոսներ, պրոֆեսորներ, ինչպես նաև՝ արամեացի պրոֆեսոր, քաղաքական գործիչներ: Մեկօրյա միջոցառում է, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել և խոսել Իրաքում, Սիրիայում և պատերազմող այլ երկրներում ապրող քրիստոնյաների ճակատագրի մասին: Այստեղ՝ Գերմանիայում, մենք շատ փախստականներ ունենք, որոնց մեծամասնությունը մուսուլմաններ են, կան նաև քրիստոնյաներ, որոնք անտեսվում են»,-ասաց Տիրատուր քահանա Սարդարյանը:
Շտուտգարտի Աստվածաշնչյան թանգարանում կբացվի Ղևոնդ վարդապետի «Հայկական Երուսաղեմ» ֆոտոցուցահանդեսը: Թանգարանում կկազմակերպվեն նաև Աստվածաշնչի մասին զրույց-քննարկումներ, թե ինչպես է այն ընդունվել Հայաստանում, Գերմանիայում և Իսրայելում:
Մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 19-ին տեղի կունենա գերմանացի Կոնստանցե Յանի «40 օրեր Հայստանում» գրքի շնորհանդեսը, որն այս տարի է լույս տեսել: Հոկտեմբերի 22-ին գրող, բանաստեղծուհի Ագապի Մկրտչյանը կբանախոսի Հայկական սփյուռքում ստեղծվող գրականության մասին, ինչպես նաև կներկայացնի Պարույր Սևակի գործերի գերմաներեն իր կատարած թարգմանությունները:
Հոկտեմբերի 15-ին կայանալու է Ռոբերտ Ամիրխանյանի և Սեդա Ամիր-Կարայանի համերգը: Երեկոյի ընթացքում ներկայացվելու են մաեստրոյի գործերը: Հոկտեմբերի 16-ին կազմակերպվող համերգային ծրագրի ընթացքում Վարդուհի Խաչատրյանը և Անահիտ Տեր-Դաշյանը կկատարեն հայ և եվրոպացի դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հոկտեմբերի 22-ին նախատեսված է դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը: Ծրագրի առաջին մասում դաշնակահարը ներկայացնելու է Վիլի Վայների գործերը, իսկ երկրորդ մասում՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Հայ մշակույթի օրեր»-ը կեզրափակվի հոկտեմբերի 23-ին՝ Արաբկիրի Հայորդյաց տան «Ամբերդ» պարախմբի համերգով:
«Մշակույթի օրերը առիթ են ստեղծում, որպեսզի գերմանացիները հաղորդակցվեն հայկական մշակույթին, ծանոթանան հայերի, Հայաստանի հետ, իսկ Սփյուռքում ապրող հայերին հնարավորություն են տալիս շփվելու սեփական մշակույթի հետ: Համայնքի մեծամասնությունը Թուրքիայից եկած հայեր են, որոնցից շատերը երբևէ առիթ չեն ունեցել Հայաստան այցելելու: «Հայ մշակույթի օրեր»-ը լավագույն առիթն է ծանոթանալու սեփական մշակույթին, լեզվին, պատմությանը: Մեր երկրամասում նախկինում չգիտեին հայկական համայնքի գոյության մասին, չնայած համայնքը 30-ամյա պատմություն ունի: Մշակույթի օրերը մեզ հետ ծանոթանալու առիթ հանդիսացան»,-նշեց Տիրատուր քահանա Սարդարյանը:
Համայնքի հոգևոր հովիվը նշեց, որ անցնող տարիների ընթացքում համագործակցել են Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ, իրենց մշտական աջակիցը Գերմանիայում ՀՀ դեսպանատունն է:
«Մեր միջոցառումները հիմնականում ֆինանսավորում են գերմանական կազմակերպությունները և գերմանացիները, ինչի համար ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Սակայն ցանկությունս է, որ հովանավորների թվում լինեն նաև հայ գործարարներ, հայկական կազմակերպություններ: Նրանց համար սա հարմար առիթ է Գերմանիայւոմ իրենց աշխատանքը ներկայացնելու և աջակցելու հայկական մշակույթի զարգացմանը և տարածմանը Եվրոպայում: Հայկական համայնքի համար մեծ պատիվ է, որ այս տարվանից «Հայ մշակույթի օրեր»-ը ներառվել են Շտուտգարտում աշնանը կազմակերպվող միջոցառումների պաշտոնական ցանկում: Սա փաստում է մեր միջոցառման կարևորությունը»,- «Հայերն այսօր»–ի հետ իր զրույցը եզրափակեց Տիրատուր քահանա Սարդարյանը: