Ապրիլյան պատերազմը բացասական ազդեցություն է ունեցել Արցախի զբոսաշրջության վրա

Ապրիլյան պատերազմը բացասական ազդեցություն է ունեցել Արցախի տնտեսության վրա, այդ թվում՝ զբոսաշրջության վրա:  Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, զբոսաշրջությունը տնտեսության ամենազգայուն ոլորտներից մեկն է և ցանկացած անկայունություն, առավել ևս պատերազմը, չէր կարող չազդել Արցախի տուրիզմի վրա:

Նրա խոսքերով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է գրեթե 40 տոկոս: Այնուհետև, ըստ նրա, ազդեցությունն սկսել է մեղմվել և հետագա ամիսներին նվազումը հասել է 30, հետո՝ 20 տոկոսի:

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ եթե 2015 թ-ին Արցախ այցելել են շուրջ 16,5  հազար զբոսաշրջիկ, ապա այս տարվա 9 ամիսներին՝ 15 հազար զբոսաշրջիկ:

«Հուսանք, որ մինչև տարեվերջ այդ դինամիկան կշարունակվի և մենք կկարողանանք քիչ վնասներով դուրս գալ այդ վիճակից»,- ասաց  Սերգեյ Շահվերդյանը՝ հավելելով, որ զբոսաշրջությունը ԼՂՀ-ի ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսն է կազմում:

Նրա խոսքերով՝  պատերազմից անմիջապես հետո մի քանի յուրահատուկ խմբեր են այցելել Արցախ. «Այսինքն՝ եղել են մարդիկ, որոնք հետաքրքրվել և Ղարաբաղ են այցելել հենց պատերազմի հետևանքները տեսնելու համար: Բոլորիս համար հետաքրքիր երևույթ էր, որ բազմաթիվ եվրոպացիներ եկան հենց պատերազմի լուրերը ստանալուց հետո: Կային մարդիկ, որոնց հետաքրքրում էր Արցախի պատմամշակութային հուշարձանները, բնությունը, բայց կային նաև այնպիսի մարդիկ, որոնք հետաքրքրվում էին ճգնաժամային գոտիներով»,- ասաց նա:

Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ վերջին տասնամյակում զբոսաշրջության ոլորտը ԼՂՀ կառավարության կողմից հռչակվել է երկրի տնտեսության զարգացման առանցքային ճյուղերից մեկը:  Եւ միջազգային տարբեր հարթակներում ներկայացվում է  ԼՂՀ զբոսաշրջային ներուժը:

«Մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների և մեր հիմնական նպատակն է միջազգային շուկայում ներկայացնել  Ղարաբաղը ՝ որպես զբոսաշրջության  նոր ու գրավիր ուղղություն: Կարծում եմ, որ այն արդյունքները, որոնք մենք ունեցանք վերջին 10 տարվա ընթացքում, խոսում է կատարված աշխատանքների մասին»,- նշեց Սերգեյ Շահվերդյանը՝ հավելելով, որ 2007 թվականից ի վեր զբոսաշրջիկների թիվը աճել է 20- 40 տոկոսով:

Ըստ նրա՝ նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայերն այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում:

Սերգեյ Շահվերդյանը հայտնեց, որ Արցախի զբոսաշրջային պոտենցիալն ավելի ճանաչելի և մրցունակ դարձնելու նպատակով իրականացվում են նաև մարքեթինգային և ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագրեր, միջազգային խոշոր ցուցահանդեսներում այցելուներին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, բաժանվում է մեծ քանակությամբ տեղեկատվական գրականություն, ֆիլմերով սկավառակներ և այլն: Բացի այդ, ԼՂՀ զբոսաշրջային ներուժը ներկայացված է նաև համացանցի միջոցով:

Աղբյուր` Panorama.am
Scroll Up