Անկարայի Մամաք շրջանում ալևիների և քրդերի տների դռներին տարբերակիչ նշաններ են արել

Թուրքիայի Անկարայի նահանգի Մամաք շրջանում բնակելի շենքում ալևիների և քրդերի տների դռներին տարբերակիչ նշաններ են արվել, գրում է թուրքական «Էվրենսել» թերթը:
Թերթի փոխանցմամբ` շենքն ունի 20 բնակարան, որոնցից միայն ալևիներին և քրդերին պատկանող 8 բնակարանների դռների կողքին են արվել խաչաձև տարբերակող նշանները: Այս մասին թերթին հայտնել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Ալի Հայդար Հաքվերդին:
«Ընտանիքները լարված ու վախեցած են: Հատկապես այն թաղամասերում, որտեղ շատ են ալևիները, սա հաճախ հանդիպող երևույթ է դարձել: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են մշտապես հանգստացնել քաղաքացիներին` ասելով, թե անկարգ երեխաների ձեռքի գործն է: Սա հատուկ գործողություն է, հրաժարվե՛ք այդ ազգայնականներին պաշտպանելուց և նրանց թևեր տալուց»,- Tert.am-ի հաղորդմամբ՝ ասել է Հաքվերդին: