Հրաժեշտի հանդիպում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի պատվիրակի հետ

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի պատվիրակ և անգլիկան համայնքի հոգևոր սպասավոր Հայր Ջոն Բարքրին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց Հայաստանում ծառայությունն ավարտող Հայր Ջոն Բարքրին` գոհանակություն հայտնելով նրա պատասխանատու հոգևոր սպասավորության և Հայոց Եկեղեցու նկատմամբ ազնիվ ու ջերմ վերաբերմունքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություն և Աստծու զորակցությունը մաղթեց անգլիկան հոգևորականին իր հետագա ծառայության մեջ:

Քենթրբերիի Արքեպիսկոպոսի պատվիրակն իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` Հայաստանում իր ծառայության տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ցուցաբերված մշտական աջակցության համար:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Scroll Up