Բագրատ Ալեքյան «40 տարեկանից հետո անհրաժեշտ է տարին մեկ անգամ հետազոտվել…»

Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Ակադեմիայի Ա. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար, Ինտերվենցիոն ռադիոլոգների և էնդովասկուլյար վիրաբույժների Ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրված Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովին:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը ճանաչված մասնագետի հետ:
– Պարո´ն Ալեքյան, ի՞նչ են տալիս նմանօրինակ համաժողովները:
– Այս համաժողովին մասնակցում են շատ նշանավոր դեմքեր աշխարհի տարբեր երկրներից: Այն ինֆորմացիան, որը բերում են մեր գործընկերները, շատ կարևոր է հայաստանյան բժիշկների համար: Մանավանդ որ ինտերվենցիոն սրտաբանությունը նոր-նոր է սկսում զարգանալ Հայաստանում: Մենք արդեն Հայաստանում կենտրոն ունենք, որը շատ ակտիվ աշխատում է:
Համաժողովի ժամանակ ընթերցվող զեկույցները պատմում են այնպիսի վիրահատությունների մասին, որոնք Հայաստանում չեն արվում: Բայց առա´յժմ չեն արվում, սակայն պոտենցիալ առումով հնարավոր է այդ ամենն իրականացնել: Կարևորն այն է, որ ինֆորմացիան հասնում է Հայաստան:
– Փաստորեն այս ասպարեզում Հայաստանում զարգացում նկատվում է:
– Ես հայ եմ: Թեև Մոսկվայում եմ ապրում ու աշխատում, բայց հաճախ եմ լինում Հայաստանում: Այո´, այս ասպարեզում մեծ առաջընթաց նկատվում է, բայց դա մեզ չի բավարարում: Մենք (և´ Ռուսաստանը, և´ Հայաստանը) հետ ենք մնում շատ երկրներից. պետք է առաջ գնանք:
– Ի՞նչն է մեզ խանգարում:
– Գիտեք, տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են այս ասպարեզում, բավականին թանկ արժեն: Այսօր Հայաստանը չի կարող այդ հարցերը լուծել: Բայց դա չի նշանակաում, որ մենք չպետք է դրա մասին խոսենք: Այսօր չենք կարող, վաղը կարող ենք անել, մենք պետք է պատրաստ լինենք նման վիրահատություններ կատարելու:
– Պարո´ն Ալեքյան, տեղյակ եմ, որ դուք շատ հայ աշակերտներ ունեք:
– Իմ բաժանմունքի կեսը հայեր են: Վատն այն է, որ ոչ ոք Հայաստան չի վերադառնում, հավանաբար նրանց Հայաստանում չեն սպասում:
Մոտ 40 տարի է՝ աշխատում եմ Մոսկվայում: Այդ տարիների ընթացքում պատրաստել եմ 12 դոկտոր, 50 թեկնածու, որոնցից ամենաքիչը 20-ը հայ են, բայց ոչ ոք Հայաստանում չի աշխատում:
– Հետաքրքիր է՝ օրվա ընթացքում քանի՞ վիրահատություն եք կատարում:
– Միջինը՝ 5-6 վիրահատություն:
– Դժվար չէ՞:
– Հեշտ չէ (ժպտում է-հեղ.), բայց դա իմ աշխատանքն է: Իսկ երբ տեսնում ես կատարածդ աշխատանքի արդյունքը, ամեն ինչ մոռանում ես:
– Հայաստանում վիրահատություններ կատարո՞ւմ եք:
– Այո´, այսօր էլ եմ վիրահատելու (պարոն Ալեքյանի հետ զրուցել ենք համաժողովի բացման օրը՝ հոկտեմբերի 25-ին-հեղ.):
Մոտ մեկ տարի առաջ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում իմ անվամբ բաժանմունք է բացվել: Հայաստան գալուց անպայման այցելում եմ, մեկ օր աշխատում նրանց հետ, փորձում եմ փոխանցել իմ գիտելիքներն ու փորձը:
– Պարո´ն Ալեքյան, զրույցի վերջում կցանկանայինք լսել Ձեր խորհուրդը:
– Մարդ պետք է իրեն հետևի: Եթե նույնիսկ աննշան խնդիրներ է ունենում, անպայման պետք է դիմի բժշկի, ոչ թե ասի՝ ամեն ինչ կանցնի: Ի վերջո, բժիշկն է ձեզ օգնում: Ու լավ կլինի, որ այդ օգնությունը ժամանակավրեպ չլինի:
Մանավանդ որ իշեմիկ հիվանդությունները, որոնք հանգեցնում են սրտի կաթվածի, բնակչության 5-6 տոկոսի մոտ անցավ են ընթանում: Վերջիններս շատ դժբախտ մարդիկ են: Կարող են մահանալ՝ կյանքում երբևէ ոչ մի գանգատ չունենալով:
Այդ պատճառով 40 տարեկանից հետո անհրաժեշտ է տարին մեկ անգամ շատ լուրջ հետազոտվել:
-Շնորհակալություն:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը