Վրաստանը նոր նախագահ ունի՝ չորրորդը

Հոկտեմբերի 27-ը հետայսու կմտնի Վրաստանի պատմության մեջ որպես նոր՝ չորրորդ, նախագահի իշխանության ժամանակաշրջան և կխորհրդանշի մի նոր իրողություն այս երկրի պատմության մեջ: Վրաստանում նախագահ է ընտրվել Գեորգի Մարգվելաշվիլին, մի անձնավորություն, որը քաղաքական հարուստ կենսագրություն չունի, չի հասցրել լինել իշխանության ու քաղաքական կյանքի տարբեր բևեռներում:
Մարգվելաշվիլին փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, քաղաքականություն է մուտք գործել հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի քաղաքական թիմի հետ, իսկ հետո արդեն համագործակցել Բիձինա Իվանիշվիլու հետ, վերջինիս վարչապետ ընտրվելուց հետո զբաղեցրել փոխվարչապետի պաշտոնը: Ուրեմն, անունը հիմնականում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին եկավ իշխանության իր «Վրացական երազանք» կուսակցությամբ՝ ջանալով հիմնավորել ժողովրդավարության նոր սկզբունքներ և Վրաստանում փոխել իրավիճակներ: Ստանալով ընտրողների ձայների 60 տոկոսից ավելին՝ նա իր հետևում թողեց ինչպես Սահակաշվիլու թեկնածու Դավիթ Բաքրաձեին, այնպես էլ Վրաստանում մեծ հեղինակություն վայելող Նինո Բուրջանաձեին, որը, թվում էր, պիտի կրնկակոխ հետևեր Մարգվելաշվիլուն և զբաղեցներ երկրորդ տեղը: Սակայն Նինո Բուրջանաձեն ընդամենը երրորդ տեղում հայտնվեց, ինչը նշանակում է, որ նա չի ընդգրկվի նախագահի կողմից ձևավորվելիք իշխանության մեջ: Նինո Բուրջանաձեն Վրաստանում խորհրդանշում է նոր տիպի ժողովրդավարությունը, իր հայացքներով հակված է դեպի Արևմուտք և մեծ տեղ է հատկացնում արևմտյան ժողովրդավարության հիմնադրույթներին: Իսկ նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն մեծ փորձություններ են սպասվում, որովհետև նա չի համարվում Սահակաշվիլու գծի հետևորդը, պաշտպանում է վարչապետի պաշտոնից հեռացող Իվանիշվիլու գաղափարներն ու մոտեցումները: Բիձինա Իվանիշվիլու հեռանալն իշխանությունից բարդացնում է նորընտիր նախագահի վիճակը, քանզի երկրում տապալված են շատ ծրագրեր, տնտեսությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում: Մարգվելաշվիլու ընտրությամբ կարող են փոփոխվել տնտեսական ազդեցությունները, հնարավոր է, որ Վրաստանում մոտ 350 ձեռնարկություն ունեցող թուրք գործարարներից շատերը հեռանան, հնարավոր է նաև, որ Արևմուտքը վերջնականապես թեքվի Վրաստանից, մանավանդ որ Մարգվելաշվիլին ևս դեմ չէ, որ Վրաստանը ուղղություն վերցնի դեպի Ռուսաստան…
Նոր նախագահի ընտրությունը ոգևորել է հատկապես վիրահայությանը, որը Միխեիլ Սահակաշվիլու իշխանության տարիներին հայտնվեց «սպիտակ եղեռնի» ճիրաններում՝ փաստացիորեն կորցնելով ազգային կրթության հնարավորությունը. մասնավորաբար Ջավախքում Սահակաշվիլին սկսեց ու շարունակեց հայահալած քաղաքականությունը, ջանքեր գործադրեց փոխելու հայկական երկրամասի ժողովրդագրական պատկերը… Համագործակցելով թուրքերի և ադրբեջանցիների հետ՝ Սահակաշվիլին հայկական երկրամասում աստիճանաբար մեծացրեց թուրքական գործոնի ազդեցությունները: Հայերին համարելով «ռուսաստանի լրտեսներ»՝ հաստատեց ոստիկանական ռեժիմ, տարածեց վախի մթնոլորտ, մեծաթիվ ազգային գործիչների հանդեպ հալածանքներ կիրառեց: Հենց ընտրությունների նախօրյակին հայտնվելով Ջավախքում և միջադեպ հրահրելով Վահագն Չախալյանի հետ՝ Սահակաշվիլին նպատակ ուներ նորից սրել իրավիճակը, սկիզբ դնել բռնությունների նոր ալիքի: Ջավախահայությանը Սահակաշվիլին միշտ կոչել է անջատողականներ, հենց դրանով էլ պայմանավորված էին բռնությունները, որոնք գործվել են այստեղ: Ըստ էության, Սահակաշվիլին շարունակում էր այն քաղաքականությունը, որը հիմնավորել էր Վրաստանի առաջին նախագահ Գամսախուրդիան: Այժմ վիրահայերը վստահ են, որ նոր նախագահը, որը հանդիպել է հատկապես ջավախահայությանը և խոստումներ տվել, կվարի միանգամայն նոր քաղաքականություն:
Վրաստանի պատմության մեջ նոր ժամանակաշրջան է սկսվում:
Լևոն Մութաֆյան