450 հազար ԱՄՆ դոլար` Մեղրիի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնման համար

Այսօր ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև ստորագրվեց «Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից դրամաշնորհի տրամադրման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակար և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի ինքնատիպ կառույց է՝ Միջին Արևելքում ու Կովկասում որմնանկարների եզակիությամբ առանձնացող:
«Սա Հայաստանին տրվող տասներորդ դրամաշնորհն է: Գումարները, որոնք տրվում են մեր կողմից, այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ողջ աշխարհի համար»,- ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է 450 հազար ԱՄՆ դոլար՝ Մեղրու Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության, վերականգնման աշխատանքների իրականացման համար:
Նրա խոսքով՝ եկեղեցում կան առավել վտանգված հատվածներ, որոնք մշակութային գանձ են. «Ամռանը եղել եմ այնտեղ ու անչափ տպավորված էի բացառիկ որմնանկարներով: Մեր նպատակն է, որ Հայաստանն իր պատվավոր տեղը զբաղեցնի զբոսաշրջության քարտեզի վրա, իսկ Հայաստանը դրան արժանի է »,- հավելեց դեսպանը: