Պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին՝ նշելով, որ  հոբելյանական այս տարում տեղի կունենան պարգեւատրման մի քանի հանդիսավոր արարողություններ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անկախ, հզոր ու ինքնիշխան պետությունը բացառիկ արժեք է եւ մեր ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հարատեւման ամենահուսալի գրավականը: «Համոզված եմ, որ մենք կունենանք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: Համոզված եմ, որովհետեւ մեր ժողովուրդն ունի անսասան ոգի, անկոտրում կամք, մեծ աշխատասիրություն ու լավատեսություն, որոնք դրսեւորվում են ե՛ւ մարտի դաշտում, ե՛ւ խաղաղ պայմաններում»,- նշել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Scroll Up