Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերադարձ անցյալին չի կարող լինել. Դեսպան Հանս-Յոխեն Շմիդթ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/51516.jpg)
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերադարձ անցյալին չի կարող լինել և միջնորդներն իրականությունը պետք է ընկալեն այդ համատեքստում:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտում ասաց 2009-12թթ.-ին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, ով ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Դեսպանի խոսքով, հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ միջնորդները կենտրոնանան ստեղծված նոր իրականության վրա, և բանակցությունները վարեն ապագայի տեսլականով:
Գերմանացի դիվանագետն իր դժգոհությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ եվրոպացի դիվանագետների համար Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում այցելել Լեռնային Ղարաբաղ՝ սպառնալով նրանց ներառել «սև ցուցակ»-ի մեջ:
Անդրադառնալով Արցախի հետ իր սերտ ու բարեկամական հարաբերություններին՝ Հանս-Յոխեն Շմիդթը նշեց, որ առանց այցելության ու տեղում հարաբերություններ հաստատելու հնարավոր չէ որևէ երկրի մասին ճիշտ կարծիք ունենալ:
«Երբ Հայաստանում դեսպան էի, ինձ պարբերաբար խնդրում էին արտահայտվել Լեռնային Ղարաբաղի քաղաքական զարգացումների վերաբերյալ: Սակայն ես միշտ այն կարծիքին էի, որ անհնարին է Ղարաբաղի մասին տեղեկացված լինել առանց այնտեղ այցելության: Այդ իսկ պատճառով, երբ անցա թոշակի, որոշեցի այցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում անմիջականորեն իրավիճակին ծանոթանալու»,- ասաց Շմիդթը:
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Արցախի քաղաքական գործիչների և հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ինքը համոզվել է, որ վաղուց ժամանակն է, որպեսզի եվրոպացի նրանց գործընկերները համագործակցության ուղիղ կապեր ստեղծեն Ղարաբաղի հետ:
«Եթե մենք Եվրամիությունում հետաքրքրված ենք Լեռնային Ղարաբաղի հասարակության զարգացմամբ, ապա դրա համար պետք է աշխատանքներ իրականացնենք Արցախում: Պետք է անմիջական կապի մեջ լինել տեղի իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հետևել քաղաքական զարգացումներին, կապ հաստատել և այն զարգացնել համալսարանների հետ, ինչպես նաև արցախցի ուսանողներին հնարավորություն ընձեռել արևմտյան համալսարաններում սովորելու և օգտվելու տարբեր կրթաթոշակներից»,- ասաց գերմանացի դիվանագետը և հավելեց, որ աշխարհի քարտեզի ինչ-որ տարածքների վրա սև կետեր դնելու փոխարեն պետք է փորձեն աջակցել դրանց:
Շմիդթի տեղեկացմամբ՝ Արցախում իր առաքելությունը հենց իր կողմից նախանշած ծրագրերին աջակցելն ու կյանքի կոչելն է: