Բալաշիխայի նորաբաց հայկական կիրակնօրյա դպրոցի վերամուտը. տեսանյութ

Նոր ուսումնական տարվա մեկնարկը մոսկվայամերձ Բալաշիխայի նորաբաց հայկական կիրակնօրյա դպրոցի սաների համար նշանակալից էր,տոնական ու առանձնահատուկ: Այս ուսումնական կրթօջախում գիտելիքի օրվան նվիրված շնորհավորանքները հայ մանուկներից շատերի համար հնչում էին դեռևս անծանոթ, շատերի համար էլ արդեն հարազատ դարձած հայերեն լեզվով: Ամենամեծ թվով հայ բնակչություն ունեցող Բալաշիխայի հայերից շատերի համար ազգային ինքության կորստի մշտական սպառնալիքն ու ձուլման վտանգը առանձնահատուկ մոտեցում եւ վերաբերմունք է առաջացրել հայապահպանման կարեւորագույն ինստիտուտի` հայկական կիրակնօրյա դպրոցի հանդեպ:

Կիրակնօրյա հայկական դպրոցը լծված է հայեցի դաստիարակելու եւ ձեւավորելու հայերնիքից դուրս ապրող մի ողջ սերունդ, ով պետք է անմասն չմնա իր նախնիների բազմադարյան մշակույթն ու հարուստ պատմությունը,ազգային բազմաշերտ ավանդույթներն ու սովորույթները իմանալու, գործածելու եւ կրելու պատասխանատվությունից: Դպորցում գործում է ավագ, կրտսեր ու նախադպրոցական դասարաններ, որտեղ երեխաներին ուսուցանում են հայոց լեզու,գրականությւոն եւ պատմություն:

Կիրակնօրյա դպրոցի ուսամնական ծրագիրը հարմարեցված է նաեւ ընդհանրապես հայերեն չիմացող երեխաներին հայոց լեզվի բառ ու բանին գույնի ու խաղի միջոցով հաղորդակից դարձնելու ժամանակակից մեթոդներով: Դպրոցին կից գործում է նաեւ «Նոյ» պարային համույթը, որտեղ դպրոցի սաները սովորում են պարել` հաղորդակից դառնում հայկական ազգային երաժշտությանն ու մշակույթին: Իրենց գործին նվիրյալ հայ մանկավարժները փորձում են ռուսական միջավայրում մեծացող երեխաներին սովորեցնել մեր այբբուբենը, պահպանել նրանց հայեցի տեսակն ու փոխանցել հայապահպանության կարեւորագույն գանձը` մայերնին: Համապատասխան դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները տրամադրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը

Դպրոցի արդեն երկու տասնյակը գերազանցող աշակերտները հյուրերին ներկայացան իրենց գիտելինքներով ու հայերենի իմացությամբ: Թեկուզ եւ մի փոքր կոտրատված, սակայն արդեն հարազատ դարձած հայերեն հնչող բառն ու խոսքը, խաղն ու հայկական հեքիաթի հերոսին ներկայացնելու վարպետությունը եւս մեկ ապացույցն է, որ ուրիշ երկրում ապրող հայ երեխաներին արմատներին մոտ պահելու, մեր հարուստ պատմական ու հոգեւոր ժառանգությունը փոխանցելու և հայապահպանության պատվաբեր գործը բալաշիխայում արդեն ամուր հենքի վրա է:

Մանրամասները՝ Մոսկվայում Երկիրմեդիա հեռուստաընկերության թղթակից Սուսաննա Հովհաննիսյանի պատրաստած ռեպորտաժում.

Scroll Up