Արայիկ Հարությունյանը վարչապետի հուշամեդալով պարգեւատրել է բարերար Արամ Քոչարյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել եւ պարգեւատրել է ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար Արամ Քոչարյանին:

ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ Ա. Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, բարերարին պարգեւատրել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով՝ Արցախի զարգացմանն ուղղված գործունեության եւ ցուցաբերած օգնության համար: Վարչապետը բարձր է գնահատել Ա. Քոչարյանի ավանդը հանրապետության տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման գործում՝ ուրախություն հայտնելով, որ արտերկրում հաջողություններ գրանցած հայազգի գործարարներն ուշադրության ներքո են պահում Արցախի խնդիրները:

Արամ Քոչարյանն իր խոսքում պարտավորեցնող է համարել իրեն տրված պարգեւը, պատրաստակամություն հայտնելով ապագայում եւս ակտիվ մասնակցություն բերել հայրենիքի շենացման գործին:

Scroll Up