Արցախի զինանշանը բնութագրում է արցախցու անկախ ու հպարտ ոգին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Coat_of_arms_of_Nagorno-Karabakh.svg_.png)
1992 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության գերագույն խորհուրդը ընդունեց հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանն ու օրհներգը: Պետական զինանշանը ԼՂՀ պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է: Զինանշանի հեղինակը նկարիչ Լավրենտ Ղալայանն է:
Արցախի զինանշանը բնութագրում է արցախցու անկախ ու հպարտ ոգին, նրա ստեղծարար աշխատանքն ու բնավորությունը: Զինանշանի ստեղծման ճանապարհը երկար ու պրպտուն է եղել: Լավրենտ Ղալայանը խորապես ուսունասիրել է Հայոց պատմությունը, փորձել գտնել տարրեր, որոնք զուտ տեղային են ու բնորոշում է Արցախ աշխարհը: Վերջնական լուծումը տեսել արծվի մեջ, արծիվն ուժ է և անպարտելի: Զինանշանի կենտրոնում պատկերված է փռված թևերով արծիվը:
Զինանշանն իր գաղտնիքներն ունի: Արծվի տարածված թևեի եզրերը վերածվում են զարդաքանդակի: Ըստ Ղալայանի դրանք հայերենի 6 ձայնավորներն են, իսկ փռված թևերի ստորին հատվածն այլ բան է հուշում. «Թվում է, թե փետուրներ են, բայց դրանք սրեր են: Այստեղ ես օգտագործոլ եմ նաև Գևորգ Էմինի մտքերը՝ 36 հոգանոց գունդը ազգիս պաշտպանեց: Խոսքը հայոց գրերի մասին է»:
Արծվի ճիշտ գլխավերևում Արատաշեսյան հարստության՝ Տիգրան Մեծի թագն է, որ խորհրդանշում է իր հավերժությունը, թագը մնայուն է, կրողները՝ սերունդներն են անցողիկ: Արծվի մագիլների տակ ղարաբաղյան թութն է, խաղողը, ցորենի հասկերը: Լավրենտ Ղալայանը զինանշանի այս հատվածին երկակի իմաստ է հաղորդել. «Կարծես թե նրանք տակից արծվին են պահում, արծիվն էլ մագիլներով՝ իրենց»: Սա միասնության գաղափարն է:
Աջ և ձախ կողմում պատկերված ցորենի հասկերը առատության, հյուրասիրության խորհուդն ունի, յուրաքանչյուր հասկ բաղկացած է 13 հատիկից, մեկն ուղղորդող, մյուսները՝ զույգ: «12-ը տարվա ամիսներն են, ես աղոթում եմ աստծուն, որ մեզ տարին բոլոր հաց պարգևի, և մենք էլ կարողանանք դրանից բաժին հանել մյուսներին», — ասում է Լավրենտ Ղալայանը և նշում, որ սա հայ ազգի ամբողջական նկարագիրն է, սակայն պետք էր այնպիսի դետալներ տեղադրել, որը հաստատելու էր Լեռնային Ղարաբաղի ինքնությունը և գտել լուծումը՝ արծվի կենտրոնում՝ վահանի վրա պատկերել այն, ինչը բնորոշ է Արցախին՝ Քիրս լեռը, Տատիկն ու պապիկը, դրոշը:
Այս ամենը եզրագծվում է դեղին ժապավենով՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն և Արցախ մակագրությամբ, որի ներսում շողացող արևն է: Զինանշանը վերծանելիս Լավրենտ Ղալայանի դեմքից չհեռացավ ժպիտն ու աչքերի փայլը: Նա մտովի վերադարձել էր 1991 թվական, ազգային զարթոնքի տարիներ, որը սկիզբ դրեց մեր երկրի անկախությանը: Խոստովանեց՝ իր ականջներում կարծես հնչում է սիմֆոնիկ երաժշտությունը, իսկ լեզուն արտաբերում է տերյանական խոսքերը՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես՝ անհետ կորել, անցել է չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին, ահա՝ դաշտը է տեղը և չկա քար-քարի վրա: Ամրակուռ է մեր հոգին դարերի զավակ, շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ: Շնորհավոր տոնդ՝ Արցախ:
Աղբյուրը՝ armradio.am