Վրաստանի հատուկ ծառայությունները խափանել են Հայաստան ձգվող գազամուղի պայթեցումը

Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները խափանել են Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ձգվող գազամուղի պայթեցման փորձը:

Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, գրում է Արցախպրեսը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ ձերբակալվածները ծրագրում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքվով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը եւ Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալված են Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Ռ.-ն, Ջաբա Մ.-ն, Նուրի Չ.-ն:

Բացի այդ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ.-ն, իսկ հանցագործության մասին տեղեկություններ ունենալու և չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ.-ն:

Հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղեւորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառազանգված՝ այնտեղից պայթուցիկներ ձեռք բերելու համար: Սակայն դրանք վերցնելու պահին նրանք ձերբակալվել են: Առգրավվել է 4 միավոր 200 գրամանոց տրոտիլ, պայթուցիկի պատրաստման համար նախատեսված երկու լար, 5 միավոր կապսուլ-դետոնատորներ և այլ պայթուցիկ նյուեր: Կալանավորվածներից մեկի տանը համակարգչում հայտնաբերվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ նրանք ծրագրում էին իրականացնել պայթեցումները:

Վրաստանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը նաև նշել է, որ խմբի անդամներից մեկը հաճախ այցելել է Ուկրաինա, սակայն դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք խումբը ղեկավարվել է արտերկրից, թե ոչ: Նա նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե խմբի անդամներից մեկը բարեկամական կապ ունի Վրաստանի ներքին գործերի նախարար Լևան Իզորիայի հետ:

Հետաքննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ-ի հակահետախուզության դեպարտամենը:

Scroll Up