ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է արցախահայերի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված Արցախի միջազգային ճանաչմամբ. Կարեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի և նրա իրացման արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհով․Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Նա նաև նշեց՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարևոր հանգրվաններ են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հետևանքով խաղաղ բանակցային գործընթացին հասցրած վնասները վերացնելու գործում: Արցախի արտգործնախարարի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք ստորև։
– Պարո՛ն Միրզոյան, ինչպե՞ս եք գնահատում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։
– Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարևոր հանգրվաններ են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հետևանքով խաղաղ բանակցային գործընթացին հասցրած վնասները վերացնելու գործում։ Համոզված եմ, որ հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կձևավորի համապատասխան մթնոլորտ բանակցությունների վերսկսման համար։ Միջազգային հանրությունը պետք է հետևողական կլինի այս նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում։
-Ապրիլյան պատերազմին հաջորդող գործընթացներում, Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումներում որքանո՞վ է կարևորվում ԼՂ մասնակցության հարցը: Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
-Խոսելով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության մասին՝ մենք, նախ և առաջ, ելնում ենք հակամարտության կարգավորման շահերից: Բանակցությունների սեղանին հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ ԼՂՀ-ի բացակայությունը խնդրահարույց է դարձնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելը: Վստահ ենք, որ բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական մասնակցության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված բոլոր կողմերի շահերից է բխում:
-Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ ԼՂՀ-ն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար։
-Հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի և նրա իրացման արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհով։
Ադրբեջանի՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանն ուղղված ռազմատենչ քաղաքականության շարունակման պայմաններում անիմաստ եմ համարում խոսել փոխզիջումների մասին։
– Որքանո՞վ է հավանական Թուրքիայի ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
– Թուրքիայի ներկայիս՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակի փոփոխությունը հավանական չեմ համարում։
-Ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանի ԱԺ-ում քննարկվում էր Արցախի ճանաչման հարցը, Դուք նշել էիք, որ եկել է Արցախի միջազգային ճանաչման ժամանակը: Որտե՞ղ ենք մենք գտնվում այս հարցում, ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ, և ի՞նչ հեռանկար կա:
-ԼՂՀ միջազգային ճանաչումը եղել է և մնում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը, և ԼՂՀ իշխանությունները շարունակելու են քայլեր ձեռնարկել այս գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։
Արցախի միջազգային ճանաչումը ոչ միայն կհանդիսանա հզոր լծակ ԼՂՀ անվտանգության ապահովման համար, այլ նաև թույլ կտա կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա: