Ընթերցողի դատին է հանձնվել Յարոսլավ Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում» ժողովածուն

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացել է «Հայերը Ուկրաինայում» գրքի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուկրաինացի հայտնի պատմաբան Յարոսլավ Դաշկևիչի կեսդարյա գիտական աշխատությամբ ներկայացվել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ` արևելյան Լեհաստանի հայկական գաղթօջախը, հայերի ակտիվ մասնակցությունը Ուկրաինայի տնտեսական ու մշակութային կյանքին:

«Դաշկևիչն օգտվել է շուրջ երկուհարյուր սկզբնաղբյուրից, ժողովածուն ներկայացնում է 15-19 դդ. հայկական գաղթօջախը:  Նա առանձին անդրադարձ է կատարել արևմտյան Ուկրաինայի հայ համայնքի 14-18 դդ. մասնավոր կնիքներին, ինչը նշանակում է, որ հայկական գաղթօջախն այդ ժամանակահատվածում ներքին ինքնավարություն է ունեցել: Դաշկևիչի աշխատության մեջտեղ է գտել նաև 17-րդ դարի հայ գրատպությունը»,- բացման խոսքում ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Միջոցառմանը ներկա Ուկրաինայի հյուպատոս Վլադիմիր Պիխուլյան բարձր գնահատելով հայ-ուկրաինական դարավոր բարեկամությունն ասաց, որ ժողովածուն գիտական հզոր աշխատություն է, որտեղ ներկայացվել է հայկական մշակույթը, ավանդույթը, լեզուն:

Դաշկևիչի աշխատությունն ընթերցողի սեղանին է հայտնվել Օդեսայի հայ համայնքի` «Օդեսայի մշակութային ժառանգության հիմնադրամ»-ի ջանքերի շնորհիվ: Կազմակերպության նախագահ Արմեն Պետոյանի խոսքով` գրքի հեղինակը կես դար նվիրել է հայերին, հիմնել է գիտական դպրոց, որտեղ այսօր էլ զբաղվում են Ուկրաինայում հայերի հազարամյա պատմության ուսումնասիրմամբ:

Գիտնականի մասին դրվատանքի խոսքեր ասացին նաև Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նրանց համոզմամբ` Յարոսլավ Դաշկևիչը հայ ազգի իսկական բարեկամ է, ով ուսումնասիրել է հայերի կյանքը նաև Իսլանդիայում, Լեհաստանում:

Scroll Up