Ամերիկայի հայկական համագումարի կամավորների եվս մեկ արդյունավետ ամառ ավարտին մոտեցավ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/RTEmagicC_Armenian_Assembly_Interns_Collage_cewb.jpg.jpg)
Վաշինգտոն – ԱՄՆ մայրաքաղաքում Թերջենյան-Թոմաս ամառային կամավորական ծրագիրը գրեթե չորս տասնամյակ բոլորեց՝ հնարավորություններ ընձեռելով ամբողջ աշխարհի հայությանը. այս տարվա ամառային խմբում հյուրընկալվեցին ԱՄՆ-ից, Հայաստանից և Բելգիայից: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայությունից:
Ամերիկայի հայկական համագումարի կամավորական ծրագիրն ինձ հնարավորություն ընձեռեց վերամիավորվել ամերիկահայ համայնքի հետ՝ միաժամանակ ծանոթացնելով քաղաքական գործընթացի հետ՝ տեղավորելով աշխատելու կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ», – ասել է Բրաուն համալսարանի ուսանող Ռոբերտ Արզումանյանը, ով մեծացել է Երևանում:
Մասնակիցները կամավորական աշխատանք են իրականացրել սենատոր Բարբարա Միկուլսկիի (Դեմոկրատ, Մերիլենդ), Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոնի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսական Քրիս Վան Հոլլենի (Դեմոկրատ, Մերիլենդ) հետ, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարում (Համագումար), Հայկական ազգային ինստիտուտում (ANI) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության գրասենյակում:
Հիմնական գաղափարներ և Դասախոսությունների շարք ծրագրի շրջանակներում 2016 թ. կամավորների խումբը հանդիպել է կոնգրեսականների հետ, այդ թվում՝ Հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ կոնգրեսական Ջեկի Սփայերի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Հայկական հարցերով հանձնախմբի փոխհամանախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսի (Հանրապետական, Կալիֆորնիա) հետ: Բացի այդ, կամավորականները հանդիպել են ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ և քննարկել ընթացիկ զարգացումները, ինչպես նաև նրանց հետագա ներգրավվածությունը Սփյուռքում:
Թերջենյան-Թոմաս ամառային ծրագրի կամավորականների հանդիպումն Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ Հայաստանի դեսպանատանը
Երիտասարդները նաև ներկա են գտնվել Վաշինգտոնում կայացած միջոցառումներին, ինչպես օրինակ, Ամերիկայի ձայնի հայկական ծառայության 60-ամյակին նվիրված միջոցառմանը, Սմիթսոնյան ինստիտուտի ժողովրդագրական փառատոնին, Ամերիկայի հելենական ինստիտուտի և Ամերիկայի հելենական հանձնախմբի կազմակերպած՝ Օկուպացված Կիպրոսի հիշատակության 42-րդ տարելիցի միջոցառմանը, որտեղ նրանք հանդիպել են ԱՄՆ-ում Կիպրոսի դեսպանի հետ, ինչպես նաև ներկա են գտնվել քննարկումներին, որոնք տեղի են ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Ռուսաստանի կողմից սահմանների խախտումների, դաշնագրերի և մարդու իրավունքների մասին լսումներին, Բրուքինգս հաստատությունում քննարկումներին Թուրքիայի վերաբերյալ՝ հեղաշրջման փորձից հետո, ինչպես նաև Politico -ի կազմակերպած ճեպազրույցին՝ ազգային անվտանգության և կիբեռանվտանգության թեմաներով:
Ուսանողները հնարավորություն ունեցան ավելին իմանալ իրենց մշակութային ժառանգության և Հայոց ցեղասպանության մասին՝ ANI-ի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանի, Սմիթսոնյան ինստիտուտի հրավիրյալ գիտնական դոկտոր Հարություն Մարությանի, և Կոնգրեսի գրադարանի հայերենի և վրացերենի մասնագետ դոկտոր Լևոն Ավդոյանի հետ զրույցների և վերջիններիս դասախոսությունների ժամանակ: Ուսանողները նաև այցելեն են Վաշինգտոն՝ Կոնգրեսի, Պետդեպարտամենտի և Սպիտակ տան հատուկ ուղևորություններով:
«Հայաստանի ազգային ինստիտուտում կամավորական աշխատանքն ինձ օգնեց հասկանալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված աշխատանքները կարևոր նշանակություն ունեն հայ համայնքի համար», – ասել է Բելգիայից կամավորական Նադյա Մովսիսյանը: «Կոնգրեսի այցելություններն ու Դասախոսությունների շարքն ինձ սովորեցրեցին հայկական հարցի օժանդակության հարցում Համագումարի առաջատար դերի մասին: Ինձ հնարավորություն է տրվել զրուցելու և ճանաչելու մարդկանց, ովքեր կարող են նշանակալի ազդեցություն ունենալ կարևոր ռազմավարական խնդիրների վրա», – ավելացրել է նա:
Ձախից աջ, ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի կամավորականների ու աշխատակազմի հանդիպումը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսի (Հանրապետական, Կալիֆորնիա), կոնգրեսական Աննա Էշուի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Կոնգրեսի Հայկական հարցերով հանձախմբի փոխհամանախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփայերի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) հետ
Համագումարի 2016թ. Թերջենյան-Թոմաս ամառային կամավորական ծրագրի մասնակիցներ էին Էնդրյու Ադալյանը, Ռոբերտ Արզումանյանը, Դիանա Աթանեսյանը, Էդվարդ Բարսումյանը, Էդուարդ Հովսեփյանը, Ջոան Խալոյանը և Նադյա Մովսիսյանը: Այս ամռան կամավորական ծրագիրը ղեկավարում էր Համագումարի համակարգող Մարիամ Խալոյանը:
«Որպես Համագումարի 2016թ. Ամառային կամավորական ծրագրի համակարգող, ցանկանում էի հնարավորինս անել, որպեսզի կամավորականները լավագույն փորձառությունն ունենան այստեղ՝ Վաշինգտոնում, ինչպիսին որ ես ունեցա մեկ տարի առաջ», – ասել է կամավորական համակարգող Խալոյանը: «Նրանց ժամանելուն պես շուրջօրյա հանդիպումներ, միջոցառումներ և շրջայցեր եմ կազմակերպել մայրաքաղաքում և շարունակել եմ զրույցը, նույնիսկ երբ այդ օրն ավարտված էր: Սա հիանալի կամավորական ծրագիր է, և երախտապարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել վերադառնալու»:
Ամերիկայի հայկական համագումարի ամառային կամավորական ծրագիրը հիմնադրվել է 1977 թվականին՝ լինելով առաջին կամավորական ծրագիրն, որն առաջարկվում էր Ամերիկայում հայկական կազմակերպության կողմից: Ութ շաբաթյա ամառային ծրագիրը նախատեսված է հայկական ծագումով ուսանողներին հնարավորություն ընձեռելու ապրել և աշխատել երկրի մայրաքաղաքում՝ մասնակցելով կրթական, հասարակական և մշակութային միջոցառումերի ամբողջական ծրագրի:
2016թ. Ամառային կամավորական ծրագրի մասնակիցների վաշինգտոնյան ուղևորության մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք Համագումարի կամավորների բլոգ, ֆեյսբուքյան և թվիթերյան էջեր: