ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալեց Էվերեստը մագլցած հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին

Օգոստոսի 11-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հյուրընկալեց Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով մագլցել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում կայացած միջոցառմանը ներկա էին սկաուտներ, երիտասարդներ, փորձառու լեռնագնացներ, ինչպես նաև ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները և այլ հյուրեր: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ՀԲԸՄ մամուլի ծառայությունից:

 Միջոցառմանը ցուցադրվեց մագլցումը նկարագրող կարճամետրաժ ֆիլմ, որից հետո Խաչադուրյանը մասնակիցների հետ կիսվեց իր փորձառությամբ, ինչպես նաև պատմեց դրվագներ իր հետաքրքրական կյանքից, ով, գաղթելով Լիբանանից Ֆրանսիա, հաջողությամբ համադրում է ոսկերչությունն ու լեռնագնացությունը: Խաչադուրյանը ներկաներին պատմեց մանրամասներ նաև այն մասին, թե ինչն է ոգեշնչել իրեն հաղթահարել այդ ֆիզիկապես ծանր, բայց միևնույն ժամանակ այդքան զգացմունքային փորձությունը:

 2016թ. -ի մայիսի 22-ին, հաղթահարելով 8,848 մետր բարձրությունը, Արա Խաչադուրյանը բարձրացրել է Հայաստանի հանրապետության, Լեռնային Ղարաբաղի, Ֆրանսիայի և Լիբանանի ազգային դրոշները՝ իր հաղթանակը նվիրելով աշխարհասփյուռ հայության միասնականությանը:

Տարբեր կազմակերպությունների և ակումբների խորհրդանշանների հետ մեկտեղ, Խաչադուրյանը ծածանել է նաև ՀԲԸՄ-ի դրոշը՝ ի նշան ՀԲԸՄ Լիբանանի սկաուտական շարժման իր մասնակցության տարիներին ձևավորված հզոր հայրենասիրական ոգու, առաջնորդության և նպատակասլացության:

 Արա Խաչադուրյանը արժանացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից շնորհակալագրի,ինչպես նաև օրերս կարժանանա ՀՀ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալին»:

 Արա Խաչադուրյանը մագլցել է աշխարհի ամենաբարձր ութ գագաթները՝ Մոնբլան, Ֆրանսիա – 4,807մ (2007թ), Արարատ,Արևմտյան Հայաստան- 5,137մ (2011թ), Կիլիմանջարո, Աֆրիկա – 5,896մ (2012թ), Կոտոպաքս, Էկվադոր – 5,897մ (2013թ.), Սահամա, Բոլիվիա – 6,542մ (2013թ.), Հուասկարան, Պերու – 6,655մ (2013թ.), Լենին, Ղրղզստան – 7,134մ (2016թ.), Էվերեստ, Նեպալ – 8,848մ (2016թ.):

արաարա1 արա2 արա3

 

 

Scroll Up