Աշխատում ենք «Բարձրացի՛ր, բարձրացրու՛» աներեր նշանաբանով

ՀՄԸՄ-ի Ալմելոյի մասնաճյուղի խմբապետուհի Անիտա Գորգիսյանն ու փոխխմբապետուհի Փաթիլ Տատուրյանը «Հայերն ասօրի» հետ զրույցում խոսեցին ոչ միայն սկաուտական գործունեության, այլև Ալմելոյի հայ երիտասարդներին հայաստանակենտրոն պահելու և համայնքային այլ  հարցերի շուրջ:

Նրանք Հայաստան էին եկել՝ մասնակցելու  հուլիսի 27-ից 31-ը կայացած ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարին:

 Անիտա Գորգիսյան-ՀՄԸՄ-ի Ալմելոյի մասնաճյուղի խմբապետուհի

Հայաստան էի եկել մասնակցելու ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարին: Ալմելոյի ՀՄԸՄ–ն ունի սկաուտներ և մարզական խմբեր: Ես հիմնականում սկաուտական աշխատանքները կազմակերպելու գործերով եմ զբաղված: Ամիսը չորս անգամ կիրակի օրերին հավաքվում ենք ու քննարկումներ ծավալում: Մեր սկաուտների թիվն այսօր 100-ի է հասնում: Սկաուտ կարող են լինել 4-18 տարեկան մարդիկ:

Մեր ռազմավարությունն է օգնել սփյուռքահայ երիտասարդներին, գիտելիքներ փոխանցել, սկաուտական կյանքի մասին մանրակրկիտ տեղեկություններ տալ, ինչպես նաև՝ հայկական մշակույթին և պատմությանը հաղորդակից դարձնել:

Շատ ենք ուզում մեր այցելություններով Հայաստանի հետ կապն ավելի ամրապնդել: Սկաուտները գալով Հայաստան՝ իրենց մտահոգությունն են հայտնում և ցանկանում նպաստել իրենց Հայրենիքի զարգացմանը, նույնիսկ հայրենադարձվելու մասին են մտածում:

2018 թվականին լրանում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ստեղծման 100-ամյակը. արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

Սփյուռքում հայ երիտասարդների առաջին մարտահրավերը խառնամուսնության խնդիրն է: Նրանց մեջ հայկական ոգի կա, հայերեն խոսում են, բայց դժվար է հետ պահել խառնամուսնության որոշումից: Չնայած այդ ուղղությամբ տարբեր հայապահպան աշխատանքներ ենք իրականացնում ՝ փորձելով նրանց զերծ պահել ուծացման վտանգից:

Փաթիլ Տատուրյան, ՀՄԸՄ-ի Ալմելոյի մասնաճյուղի փոխխմբապետուհի

– Ալմելոյում հայ երիտասարդներին Մայրենիի հանդեպ սեր արթնացնելը մեզ համար օրակարգային հարց է:

Չմոռանանք, որ Ալմելոյում հայկական ամենօրյա դպրոցներ չկան. միայն կիրակնօրյա դպրոցներ են գործում, որտեղ 100 հայ աշակերտ է այցելում: Տարբեր տարիքի երեխաների համար վեց դասարան է բացվել:

Մայիսին Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված հնգօրյա բանակում-ճամբար կազմակերպեցինք: Բանակումի մեկ օրը նվիրեցինք Արցախին, որի ժամանակ դասախոսություն տեղի ունեցավ Արցախի պատմական անցյալի մասին, նրանց ներկայացրեցինք ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը: Սկաուտական խմբերն ակնդետ հետևում էին դասախոսությանը:

Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ազգային ինքնագիտակցությունն ավելի բարձրացավ  նրանց մեջ: Դասախոսությունից հետո երեխաները հուզված մոտեցան մեզ և խնդրեցին, որ 2018 թվականի բանակումին իրենց Արցախ տանենք:

Սերտ համագործակցության մեջ ենք սփյուռքյան մյուս սկաուտական խմբերի հետ՝ միմյանց հետ աշխատելով «Բարձրացի՛ր, բարձրացրու՛»   աներեր նշանաբանով: Բոլորս էլ գիտակցում ենք, որ եթե միմյանց օգնության ձեռք չմեկնենք և չսատարենք, ապա ոչ մի հաջողության չենք հասնի:

Հայաստան կատարած այցելության ժամանակ հանդիպեցինք նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որի ընթացքում համայնքային խնդիրներին, ազգապահպանությանն ու Հայաստանի հետ սերտ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկեցինք: Գոտեպնդվեցինք նախարարի հետ հանդիպումից:

 Գևորգ Չիչյան

Scroll Up