Սևան Ակօշեան «Մեր նպատակն էր օր մը հայրենիք այցելել…»
Հայաստանում է Ստամբուլի Սահակեան Դպրաց դասի երգչախումբը:
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի դահլիճում կայանալու է երգչախմբի երևանյան առաջին համերգը:
Համերգից առաջ Սահակեան երգչախմբի ղեկավար Սևան Ակօշեանի հետ է զրուցել «Հայերն այսօրի» թղթակիցը.
– 1990 թվականից առ այսօր աշխատում եմ Սահակեան երգչախմբում: Նախ ղեկավարում էի մանկանց երգչախումբը, իսկ 1994 թվականին նշանակվել եմ որպես Սահակեան երգչախմբի ղեկավար: Ստամբուլի տարբեր սրահներում ենք համերգներ ունեցել, և մեր նպատակն էր, որ օր մը հայրենիք այցելենք:
– Փաստորեն երգչախումբն առաջին անգամ է հայրենիքում:
– Այո´, առաջին անգամ է, որ խումբը Հայաստան կայցելե: Մեզ համար մեծ ուրախություն է այսօր հոս գտնվելը, մեր հայրենակիցների առաջ ելույթ ունենալը, օրիորդ Մաքրուհու (Մաքրուհի Հակոբյան-հեղ.) գրքի շնորհանդեսին ներկա լինելը:
– Պարո՛ն Ակոշեան, քանի՞ անդամ ունի երգչախումբը:
– Ընդհանուր 65 հոգի ենք, բայց Հայաստան ենք եկել 90 հոգով. շատերն իրենց ընտանիքների հետ են: 90 հոգիով միասին կը շարժինք ու կը շրջենք Հայաստանի տեսարժան վայրերով:
– Համերգի օրը 90-ն էլ բե՞մ են բարձրանալու:
– Ոչ (ժպտում է-հեղ.), բեմ են բարձրանալու 65 հոգին: Գիտեք՝ ինչ դժվար է մոտ 100 հոգով տեղաշարժվելը: Բայց մենք անտեսում ենք բոլոր դժվարությունները: Ուրախ ենք, որ հոս ենք, հայրենիքում ենք, միասին ենք:
– Պարո՛ն Ակոշեան, Սահակեանը Դպրաց դասի երգչախումբ է: Մաքրուհի Հակոբյանի գրքի շնորհանդեսին կատարեցիք ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ երգեր: Կուզեի, որ խոսեիք երգացանկի մասին:
– Նախ մի փոքր անդրադառնամ երգչախմբի պատմությանը:
Սահակեան երգչախումբը 500 տարվա պատմություն ունի: Երբ օսմանյան Ֆաթիհ կայսրը Պոլիսը գրավում է, քաղաքը պարպվում է իր հիմնական բնակիչներից: Այդ ատեն կայսրը Անատոլի մեջ գտնվող հայերին Պոլիս է բերում: Պոլիս է տեղափոխում նաև Պատրիարքությունը, որ Բուրսայի հայերը Պոլիս գան:
Եվ 1491 թվականին Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցու մեջ տեղի է ունենում առաջին պատարգը, ինչով էլ սկսվում է Սահակեան երգչախմբի պատմությունը:
Մեր երգչախմբի համար հիշարժան է նաև 1703 թվականը, երբ այն հիշատակվում է արդեն պետական գրությունների մեջ:
Երգչախմբի համար կարևոր է նաև 1938 թվականը, երբ հիմք է դրվում բազմաձայն երգեցողությանը: Բոլորին է հայտնի, որ 1910-ական թվականներին Կոմիտաս վարդապետը Պոլսում ստեղծում է երկսեռ երգչախումբ, որը սկսեց Պատարագը, մեր տոհմիկ երգերը կատարել բազմաձայն: Այդ խմբի մեջ կային բազմաթիվ թաղերից եկած անդամներ, որոնց մեջ կը գտնվեին նաև տարբեր եկեղեցիների վարիչներ, խմբավարներ, ովքեր հետո վերադարձան իրենց եկեղեցիներ, որտեղ և տարածեցին Կոմիտասից ժառանգված նորարարությունները:
Եվ այսպես, 1938 թվականից Սամաթիո Սուրբ Գևորգ եկեղեցու մեջ սկսվեց բազմաձայն պատարագ երգվել, ինչը շարունակվում է առ այսօր:
Այժմ մենք ուղղակի երգչախումբ չենք, որը երգում է ակապելլա կամ աշխարհիկ երգեր: Մենք երգում ենք թե´ ժողովրդական, թե´ աշխարհիկ, թե´ հոգևոր երգեր: Մեր երգացանկը շատ գունավոր է:
– Դուք Մաքրուհի Հակոբյանի գրքի շնորհանդեսի ժամանակ Պատարագից մի հատված երգեցիք: Ու՞մ պատարագն էր:
– Գրիգոր Չուխհայանի պատարագն է, որը նա նվիրել է Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցուն: Մեզ համար մեծ հպարտություն է, որ կատարում ենք այն: Բայց մենք երգում ենք նաև Կոմիտասի, Եկմալյանի Պատարագները: Ուրախ ենք, որ տարբեր պատարագներ կերգենք, որը տարբեր գույն է տալիս մեր երգացանկին:
Երգչախմբի անդամները հիմնականում երիտասարդներ են: Մեր նպատակը միայն քով-քովի գալն ու երգել չէ: Մեր ամենափոքր համերգին մոտ 1000-1500 մարդ է հավաքվում, որոնց էներգիան միշտ զգում ենք: Երբ երգչախմբի անդամներին այս կամ այն վայրում տեսնում են, ասում են՝ Սահակյաննե´րը:
Մեր մեներգիչներին ամեն ատեն կպատվին, և համայնքի մեջ մեծ անուններ ունեն:
Մեր մեջ շատ տարբեր անձեր կան՝ ոսկերիչ, ատամնաբույժ, մաթեմատիկ, փիլիսոփա և այլն: Նրանք ոչ մի նյութական շահ չունեն և ուրախությամբ ու սիրով են իրենց ազատ ժամանակի մի մասը հատկացնում երգչախմբի փորձերին:
Հաճախակի համերգներ ենք ունենում, մասնակցում ենք համալսարանների կազմակերպած միջոցառումներին, տարբեր փառատոների, բազմաթիվ մրցանակներ ունենք: Շարունակ աշխատում ենք, պարապ ժամանակ չունենք:
– Իսկ դուք Սահակեան երգչախմբում երգե՞լ եք:
– Ես այլ երգչախմբերում եմ երգել:
Ինքս երգեհոնահար եմ, 13-14 տարեկանից նվագում եմ, Պատարագներին եմ նվագել:
Իմ ուսուցիչը եղել է ուսուցիչների ուսուցիչը, թուրքական կոնսերվատորիայի ամենաճանաչված մարդը՝ պրոֆեսոր Ժիրայր Ասլանյանցը: Մարդ, ում շնորհիվ եմ հասել նման բարձունքների:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը