Պոլսահայ ուսուցիչը գործից հեռացվել է գյուլենական լինելու պատճառաբանությամբ

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ ազատվեցին աշխատանքից: Հեռացումը հիմնավորվում էր գյուլենական համայնքի հետ կապ ունենալու հանգամանքով: Նույն պատճառաբանությամբ աշխատանքը կորցրել է պոլսահայ ուսուցիչ Արի Հերգելը: Ստամբուլի արվեստի և մասնագիտական կրթության կենտրոնը, որտեղ Հերգելը 8 տարի կիթառ է դասավանդել, հեռախոսի sms հաղորդագրությամբ տեղեկացվել էր աշխատանքից ազատվելու մասին:

Հերգելը «Ակօս» շաբաթաթերթին հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչ հիմքերով են իրեն հեռացրել աշխատանքից, սակայն ստացած հաղորդագրության մեջ որպես պատճառաբանություն նշվում է գյուլենական համայնքի հետ կապի մասին: «Հետագայում  ո՛չ ծանուցման մեջ, ո’չ առանձնազրույցի և ո’չ էլ հեռախոսազրույցների ժամանակ այդպես էլ չկարողացա իմանալ, թե ինչ տեղեկությունների կամ փաստաթղթեր հիման վրա են նման որոշում կայացրել»:

Պոլսահայ ուսուցիչը նշել է, որ պատրաստվում է դիմել դատարան անօրինական գործընթացը կասեցնելու համար: Ըստ երաժշտի՝ ինքն աշխատանքը կորցնելուց հետո էլ է ի վիճակի իրեն ֆինանսապես ապահովել, բայց նույն հաստատությունում աշխատանքից հեռացված այնպիսի մարդիկ են եղել, որոնց համար այդ աշխատանքը ապրուստի միակ միջոցնն էր: Եղել են նաև այնպիսիները, որոնք մի քանի ամսից պիտի անցնեին թոշակի:

«Ինձ համար կարևորը մեզ վրա նետված ցեխից որքան հնարավոր է շուտ ազատվելն է և իրակավան ճանապարհով ամեն ինչ անել անարդար ու ապօրինի այս գործընթացը կանխելու համար»:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գյուլենական համայնքին և նրա ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին է մեղադրում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ. գրում է ermenihaber.am-ը:

Scroll Up