The Telegraph-ն անդրադարձել է բրազիլահայ ոսկերիչ Արա Վարդանյանի աշխատանքներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/Ara-Vardanyan.jpg)
Լոնդոնի ամենահարգի թաղամասերից մեկում` Մեյֆեյրում, բացվել է բրազիլահայ հայտնի ոսկերիչ Արա Վարդանյանի նոր խանութ-սրահը, որի կողքով, ըստ բրիտանական The Telegraph պարբերականի, հնարավոր չէ անտարբեր անցնել:
«Իմ խանութում ամեն ինչ արված է, որպեսզի նույնիսկ Լոնդոնի սրտում ես կտրված չլինեմ ինձ հոգեհարազատ դարձած բրազիլական միջավայրից»,-ըստ Tert.am-ի՝ մեջբերում է աղբյուրը ոսկերիչի խոսքերը:
Հեղինակավոր պարբերականը մանրամասնում է, որ Վարդանյանը ծնվել է Սան Պաուլոյում` ոսկերիչների ընտանիքում: Սկզբում նա զբաղվել է թանկարժեք քարերի վաճառքով, իսկ 2000թ. հետո հանդես է եկել որպես ոսկերիչ:
Հայտնի է, որ նորաբաց խանութում վաճառքի է հանվելու Վարդանյանի ոսկերչական գլուխգործոցներից մոտ 350 նմուշ` զարդարված հատընտիր ադամանդներով ու այլ թանկարժեք քարերով:
The Telegraph-ի հետ զրույցում Վարդանյանը պատմել է, որ Լոնդոնում խանութ-սրահ բացելու հարցում իրեն քաջալերել ու ամեն ինչով աջակցել է սուպերմոդել Քեյթ Մոսը, ով հանդիսանում է հայազգի ոսկերչի ամենահավատարիմ երկրպագուներից մեկն ու տարատեսակ միջոցառումներին ներկայանում է հենց նրա ստեղծած զարդերով: