Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպել է Կլայպեդայի քաղաքապետի հետ

Հուլիսի 29-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացած համագործակցության հնարավորությունները, Կլայպեդայի և Հայաստանի քաղաքների միջև փորձի փոխանակումը տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։

Քաղաքապետի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց Կլայպեդայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորեց Ալբերտ Ալբերտյանին՝ Կլայպեդայի հայ համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր գործունեության ընթացքում: Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դեսպանության և համայնքային կառույցների միջև համագործակցության հեռանկարները։

Scroll Up