Արցախում պատրաստվում են 25-րդ տարեդարձի միջոցառումներին

Արցախում պատրաստվում են 25-րդ տարեդարձի միջոցառումներին։ Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի համանախագահ Աշոտ Ղուլյանը:

Հանձնաժողովի անդամները տեղեկություններ են ներկայացրել տոնական միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի եւ հետագա անելիքների մասին:

Նիստին ամփոփվել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տարբերանշանի (խորհրդանիշի) համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Պետական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերով եւ առաջարկություններ են ներկայացրել դրանց տեխնիկական ու ֆինանսական ապահովման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստությունները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար:

Scroll Up