«Հայաստան.ստեղծենք միասին». Արդյունքը սպասվածից ավելին է

«Ընտրածս մասնագիտության բնույթը հասարակական տարբեր կազմակերպությունների, գործակալությունների հետ լոբբինգի ուղղությամբ տարվող աշխատանքներ իրականացնելն է»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Մադրիդի Խուան Կարլոսի թագավորական համալսարանի Գովազդի և հասարակայնության հետ կապերի ֆակուլտետի բակալավրի ուսանող Քնարիկ Գրիգորյան, որը հուլիսի 11-14-ը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին:
Քնարիկը, ստանալով հավաքի մասնակցության հրավերը, շատ է ոգևորվել: Դեռ մինչև Հայաստան գալն ակնկալել է, որ հետաքրքիր և բովանդակալից օրեր է ունենալու:
«Արդյունքը սպասվածից ավելին է.վառ տպավորություններ ստացա հավաքից: Ամենակարևորը հասկացա, որ Հայաստանի հեռանկարի հետ կապված հայ երիտասարդների մոտեցումները և տեսակետները համընկնում են: Զեկուցողները նաև ինձ խորհուրդ տվեցին, որ Սփյուռքում ապրելով հանդերձ՝ ինչպես օգտակար լինեմ իսպանահայ համայնքին, որն, անշուշտ, կիրառելու եմ` ի նպաստ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման»,-ընդգծեց Քնարիկը:
Գևորգ Չիչյան