Երիտասարդական հավաքից մասնագիտական մեծ պաշար ձեռք բերեցի. «Հայաստան.ստեղծենք միասին» հավաքի մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակից Իշխան Ներսիսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի հաղորդակցության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Հավաքի ժամանակ ընդգրկված էր «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբում:

Առաջին անգամ էր մասնակցում նման նախաձեռնությունների: Հավաքի 4 օրերի ընթացքում մասնագիտական մեծ պաշար է ձեռք բերել, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկություն ստացել Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգինաների ոլորտի մասին:

«Մասնակցությունս կարևորում եմ նաև այն պատճառով, որ արտասահմանյան տարբեր համալսարաններում սովորող սփյուռքահայ ուսանողների հետ փորձի փոխանակում կատարեցինք, միմյանց հետ շփման արդյունքում պայմանավորվեցինք կապը պահպանել և հետագա համագործակցության ուղիներ որոնել: Անշուշտ, այս հավաքը Հայաստան-Սփյուռք կապերի մերձեցման լավագույն դրսևորումներից էր»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Իշխան Ներսիսյանը և հավելեց, որ ցանկանում է հետագայում իր կատարած աշխատանքների շնորհիվ նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը, որպեսզի մեր պետությունն առավել ճանաչված դառնա աշխարհում:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up