Ես քարտեզագրության նոր կանոններ կհորինեի…
Մտքերը, որ ես ընթերցել էի իմ միջակ կարողությունների տեր աշակերտի շարադրանքից, զարմանք առաջացրին. «Երբ առաջին անգամ քարտեզի վրա փնտրում էի իմ հայրենիքը, այն դժվարությամբ գտա: Մեծ տարածքներ ունեցող հզոր պետությունները փառահեղ բազմել էին կողք կողքի, և նրանց արանքում մի փոքրիկ երկիր` հայոց հինավուրց հողը, ժպտում էր ինձ: Ու մտածեցի, որ եթե ես մեծ լինեի, ապա անպայման քարտեզագրության նոր կանոններ կհորինեի, մեծ ու գունեղ կլինեին այն երկրների տարածքները, որոնցում ապրող ժողովուրդը աշխարհաշեն կյանքով է ապրել, չի նեղացրել մյուսներին և ծնել է այնպիսի մարդկանց, որոնք աստվածային շնորհներով են եղել օժտված…»:
Այդ օրը 10-րդ դասարանում մի այլ հայացքով նայեցի այդ վտիտ, ամաչկոտ ու հրաշալի պահվածքով աշակերտին՝ Դավիթ Աբալյանին: Նրան կարծես ավելի հասուն ու մեծացած էի տեսնում, բայց նաև կասկածամտությամբ հարցրի. <<Քեզ օգնե՞լ են տանը, հիանալի մտքեր են, երանի թե նոր սահմաններ գծվեին մեզ համար>> :
Մի պահ իրեն կորցրեց, բայց հետո կամաց, հազիվ ինձ հասանելի ձայնով անկեղծացավ նա: Չնայած մի փոքր հիասթափություն ապրեցի, բայց չկարողացա իմ աշակերտին մեղադրել… Գուցե քարտեզագրության նոր կանոններ հորինողներից մեկն էլ հետագայում ի՞նքն էր լինելու, չցանկացա, թեկուզ և ուրիշից վերցրած, նրա այդ հիանալի երազանքը խորտակել…
Ես համոզված էի, որ այդ փոքրիկ հայրենիքը նաև նրա մեջ է, այն բոլորինս է, մեր սերն է այն, մեր բողոքն ու ցասումը, մեր հպարտությունն է, մեր վիշտն ու անդառնալի ցավը, այդ հայրենիքը մեր երազանք է ու մեր հոգին, այն մեր պատմությունն է, մեր անցած ճամփան, մեր նորօրյա տառապանքն է, մեր գալիք օրը…
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի