Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ

<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության շրջանակում տոնական բեմահարթակի էր վերածվել նաև Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակը: Շքեղ հանդիսության մեկնարկը տրվել է Երևանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցի՝ <<Էրեբունի-Երևան>> հիմնի զարկերով: Միջոցառման մասնակիցները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ուսումնական ու մշակութային հաստատությունների սաներն էին: Ինքնատիպ գեղարվեստական միջոցառման շրջանակում հրապարակի կենտրոնական հատվածում բուժաշխատողները մայրաքաղաքի տոնը շնորհավորել են հովանոցներով գրելով տոնի կարգախոսը՝ <<Իմ սրտի ուղեկից>>:

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ տոնակատարության բոլոր մասնակիցներին ողջունել ու շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. <<Այսօր տոն է ոչ միայն երևանցիների, այլև աշխարհի բոլոր հայերի համար։ Համայն հայության մայրաքաղաքը, մեր սիրելի Երևանը դառնում է 2795 տարեկան։
Եկեք միասին, անկեղծ սիրով ու լիասիրտ,  տոնենք  մեր հրաշք քաղաքի ծննդյան օրը  և դեռ երեկվանից սկսված տոնը դարձնենք իսկական համաժողովրդական տոնախմբություն։
Մեր ժողովուրդն իսկապես վաստակել է լիարժեք ուրախանալու և տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը դառնալու իրավունքը, որովհետև այս տոնը առաջին հերթին իր աշխատանքի, սիրելի քաղաքին իր նվիրումի ու անկեղծ սիրո տոնն է։


Սիրելի երևանցիներ, առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում ձեզ` ձեր հավատի ու վստահության  համար։  Հենց դրա արդյունքում է, որ օր օրի ավելի ու ավելի  շենանում, ավելի լավն է դառնում մեր Երևանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև տոնակատարության բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին, ովքեր արել են հնարավորը՝ այս օրերն իսկական տոնախմբության վերածելու համար։ Սրտանց ուրախանանք ու մեր ուրախ տրամադրությունը փոխանցենք մեկս մյուսին, անենք այնպես, որ այդ տրամադրությամբ լեցուն մեր սրտի մայրաքաղաք 2795-ամյա Երևանը դառնա  մեզանից յուրաքանչյուրի սրտի ուղեկիցը։
Շնորհավոր  տոնդ,  Երևան>>
:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Scroll Up