Հատուկ հաշվեհամարի գումարներով կատարված աշխատանքները ներկայացվելու են հասարակության կողմից վստահություն վայելող մի խումբ գործիչների
Արցախի Հանրապետության վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանն անդրադառնալով այսօր` հուլիսի 8-ին, Ազգային ժողովում ներկայացված ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությանը` իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հատկապես նրանք, ովքեր հատուկ հաշվեհամարի գումարների ծախսման մասով անվստահություն ունեն կառավարության հանդեպ, պետք է հաշվի առնեն, որ ԱԺ-ին (այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներին) են ներկայացվել բազմաթիվ մանրամասներ, որոնք կրում են գաղտնի տեղեկատվություն: Սա նշանակում է, որ պատգամավորները կարող են ամբողջությամբ վերահսկել ծախսերը և, որևէ խնդիր նկատելիս, բարձրաձայնել դրա մասին:
Կառավարությունը պարբերաբար հրապարակում է հատուկ հաշվեհամարի մուտքերի հաշվետվությունը, իսկ հուլիսի 11-ին կհրապարակի ծախսերի եռամսյակային հաշվետվությունը՝ ընդհանուր տվյալներով՝ առանց բացահայտելու ռազմական գաղտնիք պարունակող մասերը »,- գրել է Բեգլարյանը և հավելել, որ մոտակա ժամանակահատվածում հատուկ հաշվեհամարի գումարներով կատարված աշխատանքները ներկայացնելու են նաև մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, ովքեր վստահություն են վայելում հասարակության շրջանում: