ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է «Ուկրաինայի հայերի միության» 15-ամյակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Vashington.jpg)
«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼԵՆ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ
Հարգելի΄ պարոն Շատվորյան, Ուկրաինայի հայ համայնքի սիրելի´ անդամներ,
ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 15-ամյա գեղեցիկ հոբելյանի առիթով:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր` Ուկրաինայի հայերի միության դերակատարությունը՝ և´ հայապահպանության, և´ համազգային խնդիրների լուծման, և´ հայ-ուկրաինացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:
Միությունն իր որդեգրած գործելակերպով, հայրենանպաստ ձեռնարկներ իրականացնելու նպատակադրմամբ համախմբում է համայնքը և ներկայացնում հայրենասեր, ստեղծարար ոգով ու գործելու պատրաստակամությամբ օժտված մեր հայրենակիցների ներուժը, որն իր արտահայտությունն է գտնում նաև Ուկրաինայում կազմակերպվող տարբեր միջոցառումներում և ծրագրերում:
Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումը խիստ կարևոր է, և դրա կողքին երիցս կարևորվում են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Ուրախալի է, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում կազմակերպվող համահայկական ծրագրերին, նպաստում հայաստանյան իրականությանը սփյուռքահայ երիտասարդների, պատանիների ու աղջիկների ինտեգրմանը, նշանավոր անձանց ներկայացմանն ու գնահատմանը: Դուք մեր լավագույն գործընկերն ու բարեկամն եք, և մեր համատեղ աշխատանքով պետք է զորացնենք Հայաստան – Սփյուռք կապերը, հավաքական կարողությունների հիմքով իրականություն դարձնենք համազգային մեր բոլոր նպատակները:
Սիրելի΄ բարեկամներ,
Համայն հայությանը համախմբում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 -ամյակը: Վստահ եմ, որ Ուկրաինայի հայ համայնքը, մասնավորապես Ուկրաինայի հայերի միությունն անմասն չի մնա և իր մասնակցությունը կբերի տոնակատարությունների կազմակերպման գործին: Թող որ ամեն ինչում և ամեն տեղ կարողանանք մեր համախմբվածությունը պահպանել:
Կրկին շնորհավորելով բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ ազգային միաբանությունն ու դիմակայումը զորացնեն միության հիմքերը, իսկ Դուք, հարգարժան պարոն Շատվորյան, Ձեր ակտիվ գործունեությամբ, մարդկային վառ նկարագրով շարունակեք իրագործել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկներ:
Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի շահ մեր Հայրենիքի և հայ ժողովրդի բարօրության:
Լավագույն բարեմաղթանքներով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ