«Հայաստան» hիմնադրամը համայնքային կենտրոն է կառուցում Գետավանում

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությանը զուգահեռ Հիմնադրամը ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում ճանապարհի երկայնքով ընկած բնակավայրերում: Այդ համայնքներից է նաեւ ճանապարհային խաչմերուկում գտնվող Գետավանը /ԼՂՀ Մարտակերտի շրջան/, որտեղ Հիմնադրամը Ֆրանսիայի իր տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ համայնքային կենտրոն է կառուցում: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Երկհարկանի նորակառույցում համալիր կգործեն գյուղապետարանը, գրադարանը, խաղասրահը, 150 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը: Կենտրոնը ոչ միայն կծառայի Գետավանի եւ հարակից համայնքների կարիքներին, այլեւ, անհրաժեշտության դեպքում, իր դերակատարումը կունենա նաեւ ճանապարհով երթեւեկողների համար:
Շուրջ 400 բնակիչ ունեցող համայնքը Հիմնադրամի շնորհիվ ունի նաեւ կանոնավոր ջրամատակարարում: Գյուղապետ Արարատ Զաքարյանի խոսքով՝ համայնքը երիտասարդացման միտում ունի. «Գնալով աճում է երեխաների թիվը, այս տարի արդեն 7 ծնունդ ունենք, նույնքան էլ սպասում ենք մինչեւ տարեվերջ: Ճանապարհի լիարժեք գործարկումն էլ, վստահ ենք, նոր հնարավորություններ կստեղծի համայնքի բնակիչների համար»:
Ֆրանսիայի մեր հայրենակիցների օժանդակությամբ ներկայումս նմանօրինակ կենտրոն է կառուցվում նաեւ ճանապարհից 2 կմ հեռավորության վրա գտնվող Կոճողոտ համայնքում: Կենտրոնը վեր է հառնում համայնքի դպրոցի կողքին, որի կառուցումը մեկ տասնամյակ առաջ եւս հովանավորել են ֆրանսահայերը: Ընդհանուր առմամբ՝ Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Արցախում ինը համայնքային կենտրոն է կյանքի կոչվել՝ փոխելով ավելի քան 5000 բնակչի առօրյան:
Հիմնադրամը նաեւ առանձնատներ է կառուցում ճանապարհին կից Վանք, Չարեքթար, Չափար համայնքներում: