Հեռակապով մասնակցություն Հոլանդիայի հայկական կրթական «Հարթակի» միջոցառմանը

Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները և Հոլանդիայի հայկական դպրոցների հետ քույրացած Երևանի Վազգեն Առաջինի անվան  թիվ 168 դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանը, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցի ուսմասվար Նարինե Փարսայանը հեռակապով մասնակցեցին Հոլանդիայի հայկական կրթական  «Հարթակ» միության միջոցառմանը:

Մասնակիցները դիտեցին Նայմեխենի ՄՀՀ միության սրահում կազմակերպված Հոլանդիայի հայկական  դպրոցների տարեվերջյան միջոցառումը, որը նվիրված էր Հայրենիքին և կրթական «Հարթակի» 6-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին Նիդերլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու Հոգեշնորհ Տեր Արեն վարդապետ Շահինյանը և Հոլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

  Տեսակապին միացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհավորեց «Հարթակի» դպրոցների աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու առիթով և կարևորեց օտար երկրում Մայրենիի ու մշակույթի պահպանմանը:

Տիկին Հակոբյանն արտահայտեց նաև իր ոգևորությունը, որ «Հարթակի» 3 դպրոցներ Հայաստանում  իրենց քույր դպրոցներն ունեն, որոնք համատեղ իրականացնում են փոխօգնության ու համագործակցության ծրագրեր:

 Կրթական «Հարթակը» հիմնադրվել է 2010-2011 ուսումնական տարում՝ Սվետա Աբրահամյանի նախաձեռնությամբ: Կառույցի նպատակն է հայազգի երեխաների կրթությունը բարձր մակարդակով կազմակերպելն ու միասնական ծրագրով առաջնորդվելը: Կրթական «Հարթակ»-ում ընդգրկված են Նայմեխենի «Վան» դպրոցը (տնօրեն՝ Սվետա Աբրահամյան), Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցը (տնօրեն՝ Մանուկ Մկրտչյան), Ասսենի կիրակնօրյա դպրոցը (տնօրեն՝ ­Նիկոլա Ռոմաշուկ), Մաստրիխտի դպրոցը (տնօրեն` Արտակ Մանուկյան), Վեստերֆորտի «Նոր Այգ» Հայ տիկնանց միության դպրոցը (տնօրեն՝ Ալիս Թովմասյան):

Վերջում միջոցառման վերաբերյալ իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Արեն վարդապետ Շահինյանը, երևանյան քույր դպրոցների ղեկավարները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Հոլանդիայի հայկական դպրոցների հայապահպան գործունեությանը և առավել արդյունավետ համագործակցել:

4

Scroll Up