Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հրաժարական է տվել

Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հոկտեմբերի 7-ի երեկոյան հրաժարական է տվել: Ոսկանյանը հրաժարականի դիմումը վարչապետ Վիկտոր Պոնտային ներկայացրել է անմիջապես այն բանից հետո, երբ Ռումինիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց գլխավոր դատախազի դիմումը նրա դեմ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր հրաժարականը Վարուժան Ոսկանյանը բացատրել է կառավարության գործունեությունը կասկածի տակ չդնելու ցանկությամբ:

Վարչապետ Վիկտոր Պոնտան գնահատել է Ոսկանյանի կատարած քայլը եւ այն համարել քաղաքական որոշում: «Գնահատում եմ պարոն Ոսկանյանի քայլը: Նա չցանկացավ խնդիր դառնալ կառավարության հեղինակության համար եւ հրաժարական տվեց»: Իր հերթին, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Ոսկանյանի հրաժարականը գնահատեց որպես «արդար եւ խելամիտ» որոշում:

Վարուժան Ոսկանյանի հրաժարականը զբաղեցրած պաշտոնից չի նշանակում, որ նրա դեմ կարող է քրեական հետապնդում սկսվել, քանի որ նա շարունակում է մնալ սենատոր եւ վայելել անձեռնմխելիություն: Դատական նոր հետապնդման համար նոր հիմքեր են պետք եւ նոր դիմում խորհրդարանին, ինչը հավանական չէ:

Ռումինիայի էկոնոմիկայի նախկին եւ ներկա նախարարների, համապատասխանաբար Ադրիան Վիդեանուի եւ Վարուժան Ոսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը բարձրացվել էր դեռ սեպտեմբերի 2-ին` Ռումինիայի Կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից /Directorate for Investigating Organized Crime and Terrorism:

Ըստ ԿՀԱԴՊՎ պաշտոնական հաղորդագրության, Վարուժան Ոսկանյանը եւ Ադրիան Վիդեանուն կասկածվում են էկոնոմիկայի նախարարի պաշտոնում (Վ.Ոսկանյանը` 2006-2008թթ., իսկ Ա. Վիդեանուն` 2008-2010թթ.) մի շարք որոշումների եւ հուշագրերի ստորագրման եւ աջակցության միջոցով Ռումինիայի տնտեսությանն էական վնաս հասցնելու եւ հանցավոր խմբավորման տնտեսական շահերին նպաստելու մեջ:

ԿՀԱԴՊՎ-ն պնդում է, որ նշված որոշումներով «Ռոմգազ» ընկերության միջոցով Ինտերագրո /Interagro SA գազային ընկերությանը բնական գազ է մատակարարվել էական առեւտրական զեղչերով, անգամ «Ռոմգազի» մատակարարման գնից ցածր, ինչի արդյունքում «Ինտերագրոն մոնոպոլ» կարգավիճակ է ստացել շուկայում եւ դարձել արտոնյալ մատակարար` վնաս հասցնելով ազգային էներգետիկ համակարգի գազային սեկտորին:

Վարուժան Ոսկանյանը կտրուկ հերքել է իր դեմ մեղադրանքները` նշելով, որ այդ ընկերությանը տրամադրված զեղչային գները հաստատված են եղել դեռ իր պաշտոնավարումից առաջ եւ դրանց կիրառությունը տարածված է ամբողջ Եվրոպայում այն ընկերությունների համար, որոնք կառավարության հավելյալ օժանդակության կարիքն ունեն: Ինքը գործել է օրենքի սահմաններում եւ գտնում է, որ իրավական չէ նախարարին հետաքննության ենթարկել ի պաշտոնե իրեն վերապահված որոշումներ ընդունելու համար:

Ոսկանյանը նաեւ նշել է, որ ընդհակառակը, այդ որոշման կիրառումից հետո 2008թ. «Ռոմգազ» ընկերությունը շահույթ է արձանագրել 2007թ. համեմատ, ինչը եւս հերքում է պետությանը վնաս հասցնելու մեղադրանքը:

Այն, որ Ոսկանյանի դեմ հարուցված մեղադրանքն անհիմն է, հոկտեմբերի 7-ին հաստատեցին սենատորները ջախջախիչ մեծամասնությամբ իրենց քվեարկությամբ: «Չեմ ուզում ավելորդ շահարկությունների մեջ ընկնել, սակայն թիրախը ոչ թե 2008թ. նախարար Վարուժան Ոսկանյանն է, այլ 2013թ. նախարար Վարուժան Ոսկանյանը», Սենատում իր ելույթի մեջ նշեց հայ նախարարը:

Վարուժան Ոսկանյանը հայտնի հանրային դեմք է, քաղաքական գործիչ եւ գրող, որի դեմ առաջին անգամ չեն հյուսվում քաղաքական դավեր: Մի որոշ շրջան նախագահ Բասեսկուն իր կառավարության անհաջողությունները շարունակաբար բարդում էր նախորդ կառավարությունում ֆինանսների եւ էկոնոմիկայի «առատաձեռն» հայ նախարարի վրա: Իսկ դրանից առաջ, 2006թ. Ոսկանյանի դեմ ծավալվել էր իսկական արշավ` խափանելու Եվրոպական հանձնակատարի պաշտոնում նրա թեկնածությունը, ինչը հաջողվեց նրա քաղաքական հակառակորդներին, քանի որ Ոսկանյանը ստիպված եղավ հանել իր թեկնածությունը, թեեւ հերքվել էին նրա հասցեին բոլոր հերյուրանքները:

Հետագայում մամուլում ակնարկվեց, որ Վարուժան Ոսկանյանի դեմ դավերի թիկունքում կարող են կանգնած լինել թուրքերը, որոնց հանգիստ չի տալիս Ռումինիայի Հայոց միության ղեկավարի հեղինակությունը եւ ազդեցությունը: Թուրքիան բազմապատկեց իր ջանքերը հատկապես Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հրատարակումից հետո, որն արդեն թարգմանվել է աշխարհի տասնյակ լեզուներով, ձեռք բերել միջազգային աննախադեպ համբավ, եւ նույնիսկ ներկայացվել գրականության Նոբելյան մրցանակի:

Անցյալ տարի Անկարան դիվանագիտական խողովակներով իր ակնհայտ դժգոհությունն էր հայտնում ռումինական իշխանություններին վեպի հանրային ներկայացումների առիթով: Անգամ լուրեր են պտտվում, թե Անկարան ու Բաքուն ուղղակի ճնշումներ են բանեցրել «ռազմավարական գործընկեր» Բուխարեստի վրա` կառավարության կազմից Վարուժան Ոսկանյանին հեռացնելու համար: Եւ Պոնտայի կողմից հայ նախարարի հրաժարականի շուտափույթ ընդունումը ցույց է տալիս, որ Բուխարեստում այնքան էլ դեմ չէին դեպքերի այդպիսի զարգացմանը: Ինքը` Վարուժան Ոսկանյանը, չի ափսոսում հեռանալու համար, քանի որ «վարչապետ Պոնտան այդպես էլ չէր հարմարվում իր հետ»: Ոսկանյանը ճիշտ է վարվել գուցե նաեւ մի այլ պատճառով, քանի որ օրեցօր ավելի են սրվում կոալիցիայի ներսում հակասությունները նրա երկու պարագլուխների` Պոնտայի եւ Անտոնեսկուի, ինչպես նաեւ այս երկուսի ու նրանց ոխերիմ հակառակորդ նախագահ Բասեսկուի միջեւ: Սոցիալական կուտակվող անպատասխան հարցերի եւ 2014թ. նախագահական ընտրություններից առաջ Ռումինիան կարծես կրկին մղվում է քաղաքական ճգնաժամի ճահճի մեջ, ինչը մեծացնում է եվրոպական մայրաքաղաքների եւ Վաշինգտոնի անվստահությունը Բուխարեստի նկատմամբ: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ամերիկացիներն սկսել են կրկին զգուշացնել, իսկ Փարիզն արգելում է Ռումինիայի մուտքը Շենգենի գոտի:

 http://armenpress.am

Scroll Up