Հարություն Խաչատրյանն ընտրվել է մոսկովյան «360°» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

Մոսկվայում հոկտեմբերի 10-18-ը անցկացվելիք «360 աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գրասենյակից, փառատոնն իր ուրույն ուղղվածությամբ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսների լայն շրջաններում: Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան» և «360 աստիճան» միջազգային կինոփառատոնների կապերի ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրագրերով ներկայանալու համար:

«360 աստիճան» արդի գիտական ֆիլմերի փառատոնն առաջնային նպատակ ունի հավաքագրել և ներկայացնել գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմեր: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով  ներկայացվող իրական պատմություններ են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ: Փառատոնն անցկացվում է Մոսկվայի կառավարության հովանու ներքո:

Հարություն Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 2003թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

2004 թվականից` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադրման պահից, հանդիսանում է փառատոնի գլխավոր տնօրենը։ Ստացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում և 2006 թվականին դարձել է Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2007 թվականին ստացել է Նիդեռլանդների Արքայազն Կլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին:

http://armenpress.am

Scroll Up