Հայկական երաժշտական պատառիկներ՝ Լիբանանյան կատարմամբ. լուսանկարներ
Լիբանանում ՀՀ դեսպանության բարձր հովանավորությամբ՝ ԹՄՄ Լիբանանի տեղական վարչությունը հունիսի 12-ին Բեյրութի Թեքեյան կենտրոնում ներկայացրեց «Հայկական երաժշտական պատառիկներ՝ Լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգը: Ռիտա Ասիլյանի տքնաջան եւ գնահատելի աշխատանքի պտուղը հանդիսացող մշակութային հանդեսին մասնակից 21 պարմանուհիներն ու պատանիները նվագեցին հայ մեծանուն երգահանների ստեղծագործությունները՝ Թեքեյան կենտրոնի սրահում ստեղծելով հայկական հարազատ մթնոլորտ: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում կատարելով Լիբանանի «Զարթոնք» պարբերականին:
Համերգին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ՌԱԿ-ի պետական նախկին պատգամավոր եւ ԹՄՄ հիմնադիրների մարմնի ատենապետ Հակոբ Գասարճյանը, զորավար Էլիա Ֆրանսիսը՝ լիբանանցի հայտնի արվեստագետ, հանգուցյալ Ուատիհ Սաֆիի եղբայրը, ԱՄՆ-ում դեսպանների միության նախագահ Կրազիելլա Մոնոպը, լիբանանցի բեմադրիչ, երգահան և բանաստեղծ Ժիլբեր Ռամին և այլք:
«Առաջին հերթին հարկ է հիշել, որ այսօրվա մեր համերգը համընկնում է ՀՀ եւ ԼՂՀ անկախության 25 ամյակին, որոնց էլ նվիրվում է այս ձեռնարկը: Երաժշտությունը հավիտենական է, որովհետև մշակույթը միշտ ազգերի լույսն է եղել: Ըստ այնմ՝ ԹՄՄ-ն եղել է հարատև հսկողը հայկական մշակույթի պահպանման և տարածման: Բանաստեղծություն, պար, քանդակագործություն և նկարչություն. այս բոլորը հարազատորեն ներկայացնելով համայն աշխարհին: Երաժշտութունը մի ուղի է, որ միացնում է ժողովուրդներին իրար: Այս մեկնակետից ելնելով՝ այս երեկո ձեզ կհրամցնենք հայ երաժշտությունից մի մասնիկ, որ մեզ կներկայացնեն մասնագիտության ճանապարհով ընթացող լիբանանյան մատները»,-ողջունելով հյուրերին՝ ասաց Ռիտա Ասիլյանը:
Իր խոսքի ավարտին տիկին Ասիլյանը ներկաներին հրավիրեց հեռակապով լսել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքը: «Սիրով իմ ջերմ ողջույններն եմ հղում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձներին նվիրված այս յուրահատուկ միջոցառման բոլոր մասնակիցներին և հյուրերին: Միջոցառում, որ Թեքեյան մշակութային միության հերթական, բայց ոչ սովորական նախաձեռնություններից է: Այսօր հայ ավանդական երգն ու դասական երաժշտությունը մեկ բեմում համախմբել են հայ և արաբ երիտասարդ երաժիշտներին՝ մեկ անգամ ևս վկայելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքերի մասին: Եվ այսօրվա միջոցառումը Թեքեյան մշակութային միության տարիների հայանպաստ գործունեության հերթական վկան է. չէ՞ որ համերգի յուրաքանչյուր մասնակից ամուր կամուրջ է դառնալու երկու ժողովուրդների միջև, յուրաքանչյուր մասնակից դառնալու է հայ դարավոր մշակույթի յուրօրինակ դեսպանն արաբական աշխարհում: Չէ՞ որ օտարներին ներկայացնելուվ մեր ազգային մշակութային ժառանգությունը` բարձրացնում ենք մեր մշակույթի միջազգային համբավն ու հեղինակությունը»-միջոցառման մասինակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Հայ մեծ երաժիշտների (Ալեքսեյ Հեքիմյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս) ստեղծագործությունների ներկայացումից հետո բեմ հրավիրվեց Տիրան Սարգիսյանը, ով իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին. «Երաժշտությունը համաշխարհային լեզուն է, որ ամեն ոք կարող է հասկանալ: Երբ մի ազգի զավակներ մեկ այլ ազգի երաժշտություն են նվագում, դա դառնում է միացնող զորավոր ազդակ: Հայկական երաժշտությունը շատ հարուստ է: Եվ ահավասիկ տեսնում ենք, որ նրանց գործերը գերազանցում են իրենց ազգային սահմանները՝ հասնելով լիբանանյան ժողովրդին: Այս պատճառով հոգեկան գոհունակություն է տեսնել այս գեղեցիկ տղաներին ու աղջիկներին, որոնք իրենց երաժշտական առաջին քայլերի ընթացքում նվագում են հայկական կտորներ»:
Համերգի ավարտին ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ու Հակոբ Գասարճյանը ելույթ ունեցող երաժիշտներին հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերը՝ հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ներկայացման ու տարածման, հայ մշակույթի պահպանման ու հարատևման գործում ունեցած ավանդի համար: