ՄԱԿ-ը ՀՀ-ի՝ փախստականների հետ աշխատելու օրինակը դարձրել է մոդելային. Հրանուշ Հակոբյան
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 3-4 ամիս առաջ սիրիահայերի` դեպի Կանադա մեկնելու ակտիվությունը միանգամից մարել է: Նա նշեց, որ կային մարդիկ, որոնք ընտանիքների միավորման խնդիր ունեին և դրա համար մեկնեցին: «Սակայն եղան նաև մարդիկ, որոնք ուրախացան Կանադա մեկնելու համար, որովհետև հեշտացվեց վիզայի խնդիրը, սակայն տեղ հասնելուց հետո տեսան, որ որևէ հնարավորություն, արտոնություն չկա իրենց կյանքը հանգիստ դասավորելու համար, ինչը կա Հայաստանում»,- ասաց նա և նշեց, որ որքանով տեղյակ է այդ հոսքը մարել է և այսօր գնացողների թիվն այնպիսին չէ, որ կարող է անհանգստացնել:
Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ Հայաստան է ժամանել մոտավորապես 20 հազար սիրիահայ, սակայն Հայաստանում հաստատվել է 17 հազարը, իսկ 3 հազարը միշտ շարժման մեջ է լինում: «Այսօր էլ սիրիական խնդրի դժվարությունները ստիպում են, որ շատերը գան Հայաստան, և նոր տեղափոխվողներ ևս կան»,- ասաց նա:
Սփյուռքի նախարարն ասաց, որ Հայաստան տեղափոխված սիրիահայերը համոզված են, որ իրենց հարևան արաբների վիճակը շատ ծանր է, նրանք ճամբարում են և օրական մեկ դոլարից պակաս գումար են ստանում: «Սիրիայից դուրս եկած փախստականների վիճակն անտանելի է, երկու միլիոնից ավելի փախստականներ այսօր կիսասոված են, խեղդվում են ծովում, գտնվում են ծանր վիճակում, այնպես որ մեր հայրենակիցները իրենց համեմատում են իրենց հարևանների հետ, որոնց հետ լավագույն ձևով ապրում էին Սիրիայում»,- ասաց նա:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ սիրիահայերը ՀՀ քաղաքացիներին հավասար պայմաններում ապրում, աշխատում են: «Հայաստան պետությունը արել է բոլոր հնարավորը, և ՄԱԿ-ը այսօր Հայաստանի օրինակը դարձրել է մոդելային և ուզում է տարածել մյուս երկրներում, թե ինչպես փախստականների հետ աշխատեն: Մյուս երկրներում փախստականները համարվում են բացասական երևույթ, մեր երկրում՝ դրական, որովհետև նրանք մասնակցում են երկրի տնտեսական, սոցիալական կյանքի զարգացմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ինտեգրման խնդիրներին, ապա նա ասաց, որ կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության ոլորտներում այն ամբողջությամբ ավարտված է: «Անցնող հինգ տարիների ընթացքում 13 հազար սիրիահայ դարձել է ՀՀ քաղաքացի և 1800-ը կացության կարգավիճակ է ձեռք բերել, ինչը խոսում է ինտեգրման ցուցանիշի մասին»,- ասաց նա:
Սփյուռքի նախարարն ասաց, որ տնտեսական ինտեգրման խնդիրները դեռ շարունակվում են, որովհետև բոլորը չէ, որ գործ են գտել կամ իրենց կատարած աշխատանքը իրենց հաճելի է, և այդ խնդիրները ունեն նաև հայաստանյան բիզնեսմենները: