«Հայրենիքի» հաղթարշավը Կիևյան բեմահարթակում

Կիևում, մայիսի 29- ին, Ուկրաինայի Մշակույթի և արվեստի միջազգային կենտրոնի բեմահարթակում, տեղի ունեցավ Ուկրաինայի ազգային լավագույն պարային համույթների համատեղ ելույթը։ միջազգային փառատոնի դափնեկիրների առաջնակարգ շարքում էր «Հայրենիք» Ուկրաինայի ժողովրդական պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Գոհար Գևորգյանը։
Նա իր ղեկավարած պարախմբով ակտիվորեն մասնակցում է պարարվեստի բոլոր միջոցառումներին, կարևորագույն միջազգային փառատոններին բարձր մակարդակով ներկայացնելով հայկական մշակույթն ու պարարվեստը։ Գեղեցիկ հայկական տարազը, կատարողական արվեստը միահյուսված երիտասարդների գերաստիճան ոգևորվածությանը, հիանալի երաժշտությունն ահա այն հիմնապատճառները, որի համար «Հայրենիքը» արժանացավ երկարատև և բուռն ծափահարություններին։ « Հայրենիք» համույթը Հայաստանի Առաջին Հանրապետության ծննդյան տարեդարձի առթիվ հանդիսատեսին էր ներկայացրել «Սարդարապատ» պարը, ընդգծելով Սփյուռք-Հայրենիք անքակտելի կապը։
Երկրորդ պարը «Բերդ»-ն էր, որը նույնպես ընդունվեց ջերմորեն, ի դեպ , հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեծաքանակ պարախմբերի մեջ , որոնք ներկայացնում էին ուկրաինական, լեհական, ռումինական, չեխական, կորեական, վրացական, ադրբեջանական, մոլդավական և այլ ժողովուրդների ազգային պարերը «Հայրենիքը» ընտրյալներից էր , որն երկու պար ցուցադրելու հնարավորությանն էր արժանացել։
Համոզված եմ, որ հաջողությունները կլինեին ավելի ակնառու, եթե մեր բարերարները կամ հասարակական կազմակերպություններն ինչ որ չափով աջակցեին համույթին, որը գոյատևում Է լոկ ղեկավարի և պարողների անձնական խանդավառության և հայրենասիրության շնորհիվ։ Ցանկանաք «Հայրենիք» ազգային համույթին նորանոր հաջողություններ և փայլուն հաղթարշավներ միջազգային բեմահարթակներում։
Ռուզաննա Մարտիրոսյան
լուսանկարները՝ Մարգո Միրզոյանի
kievao.com