Հայաստանի Անկախության օրը Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

1918 թվականի մայիսի 28-ին էր, երբ Հայաստանը ստացավ իր անկախությունը և հռչակվեց որպես Հայաստանի Առաջին Հանրապետություն: Բազմաչարչար հայ ժողովուրդը երիտթուրքական կառավարության հալածումներից, կոտարածից և պատերազմներից հետո հազիվ էր փորձում ոտքի կանգնել և գտնել հանգստություն սեփական հողում,պայքարում էր արդարությունը վերականգնելու և անկախություն ստանալու համար: Ահա, ի վերջո, մայիսյան հերոսամարտերից՝ Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից ու Սարդարապատից հետո հայ ժողովրդի դարավոր երազանքն՝ ստեղծել ինքնավար պետություն, իրականացավ:

Չնայած կարճատև գոյությանը(1918-1920 թթ)՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը մեծ ու անգնահատելի դեր է խաղացել պետականության հետագա վերականգնման գործում:

Այսօր Հայաստանը կրկին անկախ է և աշխարհասփյուռ հայության հետ տոնում է իր անկախության 98 ամյակը:

Տոնը նշվեց նաև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում: Ներկա էին ԱԵԿ-ի աշխատակազմը, սաներն ու նրանց ծնողները: Ավանդույթի համաձայն, միջոցառումն իրականացվեց ըստ արժանվույն և ապահովեց բոլորի բարձր տրամադրությունը: Այս մասին Հայերն այսօրը տեղեկանում է akhaltskha.net կայք-էջից:

Սաների երգերն ու պարերը, բանաստեղծությունները՝ նվիրված Հայաստանին և անկախությանը, դրական էմոցիաներ, ժպիտ ու հիասքանչ տրամադրություն պարգևեցին ներկաներին:

Բոլորն ուրախ էին ու հպարտ Անկախ Հայաստանի և ,ընդհանրապես, հայ լինելու համար:

Եվս մեկ անգամ՝ Տոնդ շնորհավոր, Անկա՛խ Հայաստան:

Scroll Up