Պատմական Վարագավանքը վերածվել է ավերակի

Վանի ամենանշանավոր պատմական հուշարձաններից մեկը հանդիսացող Վարագավանքը վերածվել է ավերակի: Պահպանման տակ չառնվելու հետևանքով քանդված վանքը պատմական հուշարձանից առավել ավերակ է հիշեցնում: Այդ մասին, ըստ ��?Akunq.net’-ի, ��?Merkür Haber’ կայքում գրում են Օզնուր Անուքը և Յունուս Օրքին:

Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ Վարագավանքը կառուցվել է 8-11-րդ դարերում և նշում, թե վանքի` ներկայում կանգուն մնացած հատվածը ստեղծվել է 1003-1021 թթ.` Վասպուրականի թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսի իշխանության օրոք, սակայն չեն հայտնում, որ վանքը հայկական է:

Լուրի հեղինակները նաև գրում են, թե 2011 թ. ուժգին երկրաշարժի հետևանքով մեծ վնաս կրած Վարագավանքի վերականգնման և վերանորոգման ուղղությամբ դեռ ոչ մի աշխատանք չի արվել:

Ըստ լրագրողների` Էրեք լեռան ստորոտին կառուցված սույն վանքը գտնվում է ներկայիս Յուքարը Բաքրաչլը գյուղում: Վարագավանքը բաղկացած է եղել հինգ եկեղեցիներից, ժամատնից, գրադարանից և զանգակատնից: Վանքի ամենահին եկեղեցին Սուրբ Սոֆիան է` կառուցված 8-րդ դարում:

Հեղինակները հավելում են, որ Վարագավանքի սեփականության վկայականը պատկանում է HABERTÜRK-ի նախկին գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին: Վերջինս նախկինում հայտարարել էր, որ եթե նախարարությունը ցանկանա, ինքը պատրաստ է անմիջապես հանձնել վանքը: Սակայն մինչ այժմ որևէ աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ:

Հեղինակները նաև հայտնում են, որ վանքը հիմնականում փակ է, սակայն այցելուներ ունենալու դեպքում հնարավոր է բացել: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագին մասնակցողներն այցելում են նաև Վարագավանք, որտեղ նույնպես մոմ են վառում և աղոթում:

Մելինե Անումյան

Akunq.net

Scroll Up