Ընտանիքով 12 տարի Արցախում. Միշել Տանկրեզն իրեն 50 տոկոսով ղարաբաղցի է համարում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը 12 տարի է՝ ընտանիքի հետ Ստեփանակերտում է բնակվում եւ իրեն 50 տոկոսով ղարաբաղցի է համարում:
«Կնոջս հետ ծանոթացել եմ պատերազմի ժամանակ, երկուսս էլ Ֆրանսիայից Ղարաբաղ էինք եկել՝ մարդասիրական օգնություն ցույց տալու համար: Այդպես պատահական ծանոթացանք եւ ամուսնացանք, տեղափոխվեցինք Ֆրանսիա ապրելու: Թոշակի անցնելուց հետո կնոջս հետո որոշեցինք գալ եւ ապրել Ղարաբաղում»,- ըստ News.am-ի` պատմում է Միշել Տանկրեզը:
Ֆրանսիացի Տանկրեզի համար սկզբում շատ դժվար էր. թեեւ ղարաբաղցիները շատ հյուրընկալ ժողովուրդ են, ինքը շատ դժվարությունների է հանդիպել, քանի որ հայերեն ընդհանրապես չի իմացել. «Հայերեն Ղարաբաղում եմ սովորել, բարբառով չեմ կարողանում խոսել, ինձ համար այ այդ մեկը շատ դժվար է»:
Միշել Տանկրեզը յուրաքանչյուր տարի Ֆրանսիա է մեկնում՝ այնտեղ Արցախի համար նվիրատվություններ կազմակերպելու համար: Բարեգործական ակցիաների միջոցով հավաքված գումարով ինքը ծրագրեր է իրականացնում Արցախի գյուղերում: Տանկրեզի կինն ու 20-ամյա դուստրը 12 տարի առաջ եկել են Ստեփանակերտ եւ այլեւս Ֆրանսիա չեն գնացել:
«Աղջիկս ասում է՝ Ստեփանակերտում է շարունակելու ապրել, ես ու կինս նույնպես այստեղից հեռանալու ոչ մի մտադրություն չունենք: Արցախը ժողովրդավարական երկիր է, մնում է՝ միայն խաղաղություն լինի,- նշում է Միշել Տանկրեզն ու հավելում,- խաղաղության համար ճանաչում է պետք: Առանց ճանաչման դժվար է»:
Միշել Տանկրեզը հույս ունի, որ առաջիկայում կկարողանա ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ իրեն լիարժեք հայ զգալ: