Արցախում զոհված երեք զինծառայողների ընտանիքների բնակարաններ են տրամադրելու

Երեւանի ավագանին այսօրվա նիստում որոշել է բնակարաններտրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված երեք զինծառայողի ընտանիքներին:
«Իրականացվել են զոհված զինվորների ընտանիքների բնակարանային պայմանների անհատական ուսումնասիրություններ: Պարզվել է, որ երեք ընտանիք վարձով է բնակվում: Նրանց նախատեսվում է տրամադրել բնակարաններ, որոնք լավ վիճակում են, ընտանիքները կարող են բնակություն հաստատել այնտեղ»,- նախագիծը ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության ղեկավար Արսեն Ամյանը: Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր ներկաները:
Բնակարաններ կստանան կամավոր Սարգիս Խալափյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, ժամկետային զինծառայող Մանվել Գեւորգյանի ընտանիքները: Սարգիս Խալափյանն ու Հրաչյա Մուրադյանը երեխաներ ունեն: