«Սա այն էր, ինչ ես ուզում էի, ինչ ինձ պետք էր»․ Քնարիկ Պապիկյան

2015թ․-ի սեպտեմբերին Մոսկվայի «Հայորդյաց տան» նախապատրաստական ռուսալեզու դասարանի սաներին դիմավորեց կրթօջախի նորեկ ուսուցչուհին՝ մասնագիտությամբ ռեժիսոր Քնարիկ Պապիկյանը, իսկ դեկտեմբերի վերջին փոքրիկները բեմ դուրս եկան հայերեն միջոցառմամբ։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

«Դա պատմելու չէ, պետք էր տեսնել և զգալ, թե հայերեն չիմացող փոքրիկներն ինչ սիրով, նվիրումով էին պատրաստվում միջոցառումներին։ Երկու երեք ամսում նվազագույն չափով ծանոթանալով հայերենին՝ նրանք Ամանորի և Սբ․ Ծննդյան միջոցառումների համար բավական բարդ տեքստեր էին անգիր սովորում։ Իսկ ծնողների նվիրումն ու ջանքերը, որպեսզի իրենց զավակները հայերեն սովորեն, նվազագույնը գովելի է։ Ամբողջ օրը քննարկում էին իրենց անելիքները, բեմական հագուստը, ճիշտ ներկայանալու դետալները»,- պատմելով ամիսների ընթացքում հայերեն սովորելիս արձանագրված ձեռքբերումների մասին՝ ասաց տիկին Պապիկյանը՝ հավելելով, որ ծնողներն ամեն կերպ փորձում էին մեկ բառ ավել սովորած տուն տանել երեխային։

Քնարիկ Պապիկյանի ծանոթացումը «Հայորդյաց տան» հետ և դասղեկության ստանձնումը միաժամանակ է եղել։ Դեռ սեպտեմբերին, երբ առաջին անգամ իմացավ փոքրիկներին հայերեն սովորեցնելն իրեն վստահելու մասին՝ փոքր-ինչ տարակուսանքով համաձայնեց․ ««Հայորդյաց տուն» գալիս մտածում էի, թե ինչպես պետք է աշխատեմ փոքրիկների հետ, բայց հետո հասկացա, որ իմ նպատակն ու խնդիրը փոքրիկների հայերեն խոսքի զարգացումը պետք է լինի, որը կոմպլեքս մոտեցում է պահանջում, իսկ դա իմ մասնագիտությունն է՝ խոսել պարի, տեքստի, ժեստի, խաղի լեզվով։ Մեկ խոսքով ասած՝ սա այն էր, ինչ ես ուզում էի, ինչ ինձ պետք էր։ Այսինքն Աստված ինձ նվեր էր տվել»։

Տիկին Պապիկյանը հանգամանքների բերումով վերջերս Երևան էր մեկնել և վերադարձին պատմեց, որ բազմից ծանոթների շրջանում ներկայացրել է «Հայորդյաց տունը», պատմել կոլեկտիվի նվիրված աշխատանքի, ջերմության և միմյանց աջակցելու պատրաստակամության մասին։

«Բոլորը հիացմունքով էին լսում «Հայորդյաց տան» մասին։ Այնտեղ մարդիկ առօրյա հոգսերին կարծես ավելի են տրվում, իսկ այստեղ «Հայորդյաց տանը» գործընկերների, սաների հետ շփվելով մարդ կարծես ազատվում է առօրյա հոգսերից, դառնում համընդհանուր գործի մի մասնիկը և նվիրվում է մինչև վերջ»։

Այն հարցին, թե որն է համարում կրթօջախի հաջողվածության գաղտնիքը՝ Քնարիկ Պապիկյանը պատասխանեց․ «1500 աշակերտ հավաքել մի տեղում և կրթական նման արդյունք տալ, դա առնվազն հիացական է։ Կարծում եմ, որ դրանում իր մեծագույն ներդրումն ունի կրթօախի տնօրենությունը։ Հոգևոր թեմայով միջոցառումների ժամանակ մեզ միշտ օգնում են կրթօջախի հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը և կրոնի ուսուցիչները, իսկ տնօրեն Հմայակ Գևորգյանի աջակցությանը մեկ անգամ չէ, որ դիմել ենք։ Անկեղծորեն հիացած եմ իր նրբանկատությամբ և խորաթափանցությամբ։ Չնայած  ռեժիսորի մասնագիտությանս, եղել են դեպքեր, որ հենց նրա խորհրդով որոշակի լրացումներ եմ արել սցենարում»։

Քնարիկ Պապիկյանի սաները, այսօր հայերեն գիտեն շրջապատող առարկաները, մարմնի մասերը, գույները, գրելու պարագաները, հաշվում են և բավականաչափ յուրացրել են խոսակցական մասը, իսկ սեպտեմբերին՝  «Հայորդյաց տուն» գալիս, նրանք որևէ հայերեն բառ չգիտեին։

Scroll Up