«Այլ կերպ». Երիտասարդ հայրենադարձի կարգախոսը կյանքում ու բիզնեսում
1990-ականների սկզբին շատերի պես Սոֆյա Խաչատրյանի ընտանիքն էլ արտագաղթեց: Սկզբում` Ռուսաստանի հեռավոր Ուֆա քաղաք, ապա` Ղազախստան: Սոֆյան այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր: Հայկական կուռ համայնք չունեցող այս երկրում, որտեղ ուծացման վտանգը միշտ սպառնում է հայկական ընտանիքներին, լուրջ ջանքեր են պետք երեխաներին հայկական արմատներին, հայոց լեզվին, մշակույթին ու ավանդույթներին ամուր կառչած պահելու համար: Լավ օրից չէին հեռացել հայրենիքից, և թանկ էր այն հողը, որի պաշտպանության համար կռիվ էր տվել նաև հայրը: Դա էր պատճառը, որ վերջինս արգելում էր երեխաներին տանը ռուսերեն խոսել, չնայած երեխաները ստիպված էին ռուսական դպրոց հաճախել:
Դպրոցական արձակուրդը սկսվելուն պես` առաջին օրվանից մինչև վերջին օրը Սոֆյան անց էր կացնում Հայաստանում: Դա տարվա ամենասիրած ժամանակաշրջանն էր նրա համար: «Անհամբերությամբ սպասում էի, թե երբ է արձակուրդը սկսվելու, որ Հայաստան գամ: Հիշում եմ` մի տարի էլ, երբ 7-րդ դասարանում էի, արձակուրդը չսկսված` ապրիլ ամսին, ծանր դեպրեսիայի մեջ ընկա. ծաղկած ծիրանենի էի ուզում տեսնել: Մի խոսքով, վիճակս այնքան լուրջ էր, որ հայրս ստիպված եղավ գալ դպրոց և տնօրենին խնդրել, որ ես շուտ արձակուրդ գնամ: Եկա Հայաստան, և նույն օրը դեպրեսիաս անցավ»,- ծիծաղում է նա:
Դպրոցն ավարտելուց հետո Սոֆյան ընդունվում է Հայ-ռուսական սլավոնական համալսարան, ուսումն ավարտում Ղազախստանում` ծրագրավորողի մասնագիտությամբ, որից հետո անմիջապես վերադառնում է Հայաստան: «Եկար ու ինչպես շատերը, կանգնեցիր աշխատանք գտնելու խնդրի առաջ, չէ՞»,-առաջ ընկնելով` հարցնում եմ: «Ոչ,- պատասխանում է,- ընդհակառակը, շատ արագ աշխատանք գտա: Միշտ զարմանում եմ այն մարդկանց վրա, որ ասում են, թե աշխատանք չեն գտնում: Եթե ունես լավ կրթություն և աշխատելու ցանկություն, հնարավոր չէ, որ աշխատանք չգտնես»:
Սոֆյան այս պահին աշխատում է «One Armenia» հասարակական կազմակերպությունում որպես գրաֆիկ դիզայներ: Մեծ ոգևորությամբ պատմում է, թե ինչպես է կազմակերպությունն աշխատանքներ իրականացնում Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկում բուժհաստատություն հիմնելու ուղղությամբ: Սոֆյան նաև երիտասարդ ձեռներեց է: Ամիսներ առաջ 3 ընկերուհիներով հիմնել են «Այլ կերպ» ընկերությունը, որն արդեն թողարկել է առաջին արտադրանքը` «Այլ կերպ» սեղանի թիմային հայերեն ինտելեկտուալ խաղը: Նա հպարտությամբ է շեշտում հայերեն բառը և հատկապես կարևորում այն հանգամանքը, որ խաղը հայկական է և ստեղծվել է ոչ միայն պատանիներին ու երիտասարդներին վիրտուալ շփումից հանելու և իրական շփման դաշտ բերելու, այլև հայոց լեզուն քարոզելու ու տարածելու նպատակով: «Մեր խաղը գնալով ավելի մեծ տարածում է գտնում: Այն կարելի է խաղալ հավաքույթների ժամանակ, տանը, ակումբներում, ճամփորդելիս և այլն,- ասում է Սոֆյան ու բացատրում խաղի կանոնները:- Մասնակիցների նվազագույն թիվը պետք է լինի 4, թիմից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված 7 բառերը՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառի թարգմանությունն այլ լեզուներով: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին՝ այլ կերպ: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազե ժամացույցի միջոցով: Խաղը բաղկացած է 301 քարտից, որոնց վրա գրված են հայերեն պարզ և բարդ գոյականներ, բայեր, ածականներ, բառակապակցություններ, հատուկ անուններ»:
Ի դեպ, նա նշում է, որ խաղը երաշխավորված է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից: «Այլ կերպ» սեղանի խաղն արտադրվել է 1000 օրինակով և կեսն արդեն վաճառվել է: Այն կարելի է ձեռք բերել գրախանութներում, սուպերմարկետներում, համացանցում: Սոֆյան խոստովանում է, որ ի սկզբանե որևէ բիզնես շահ չեն հետապնդել, գաղափարն ավելի շատ էնտուզիազմի արդյունք է: Սակայն արդեն նկատում են, որ այն կարող է նաև շահավետ բիզնես դառնալ: «Սա շատ լավ օրինակ է ցույց տալու, որ եթե նոր բան ես անում և անում ես որակով ու դրական էներգիայով, անպայման հաջողվելու է: Մենք 3 աղջիկներով ստեղծել ենք մեր բիզնեսը, զբաղվում ենք և՛ հաշվապահությամբ, և՛ մարկետինգով, և՛ վաճառքի ու մյուս բոլոր հարցերով և դեռևս ոչ մի խոչընդոտի չենք հանդիպել: Հայաստանում մի վատ բան կա. բոլորը կարծում են, որ իրենցից ոչինչ կախված չէ, և չեն ձգտում սեփական ուժերով հասնել հաջողությունների»:
Այս գեղեցիկ, եռանդուն, երիտասարդ աղջիկը, որը վաղ մանկությունից ապրել է օտարության մեջ և արդեն մի քանի տարի է` Հայաստանում է, հայտարարում է, որ ինքը հայրենադարձվել է: Սոֆյան արդեն չի էլ պատկերացնում իր կյանքը Հայաստանից դուրս, որքան էլ որ օտարության մեջ պայմաններն ավելի լավը լինեն: Իսկ ի՞նչն է ամենից շատ կապում նրան Հայաստանի հետ, բացի այն, որ սա իր հայրենիքն է. «Մեզ մոտ մարդիկ շատ բարեհամբույր են, դա կարող է գնահատել այն մարդը, որն ապրել է օտարության մեջ: Կլիման շատ լավն է, մենք ունենք 4 եղանակ և չորսն էլ վայելում ենք: Եվ ամենակարևորը` սա քոնն է, որովհետև ինչ էլ լինի, օտար երկրում` դու քեզ միշտ էլ օտար ես զգում, դու չես ցավում այդ երկրի համար, որովհետև դա քոնը չէ: Իսկ Հայաստանում, երբ մի վատ բան ես տեսնում, ուզում ես փոխել, լավացնել, որովհետև դա քոնն է, դու ցավ ես ապրում, չես կարող անտարբեր լինել»:
Նա հավատում է, որ եթե յուրաքանչյուր հայ Հայաստանում իրեն տեր զգա ու հավատա, որ հենց իրենից է կախված, ապա շատ բան կարող է փոխվել դեպի լավը: Նաև հավատում է, որ մի օր բոլոր դժգոհողները փոփոխությունը սկսելու են հենց իրենցից:
ani.ankakh.com