Հասմիկ Գրիգորյանը հաղթել է օպերային «Օսկար»-ում

Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հայազգի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը հաղթել է ոչ պաշտոնապես օպերային «Օսկար» կոչվող Միջազգային օպերային մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում:

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ` պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել անցած կիրակի Լոնդոնի «Սավոյ» թատրոնում:

Asmik-Grigorian-opera-awards2016-best-young-singer

Լիտվան ներկայացնող Գրիգորյանի մրցանակը մայիսի 12-ին 35-ամյակը բոլորած երգչուհու յուրատեսակ ծննդյան նվերն է` ասել է աղբյուրը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Գրիգորյանն արժանանում է հեղինակավոր միջազգային մրցանակների: 2005 թ. երգչուհին արժանացել է Բեմի ոսկե խաչի «Տրավիատա» օպերայում Վիոլետտայի դերերգում լավագույն դեբյուտի համար, ինչպես նաև 2010 թ. դարձյալ Բեմի ոսկե խաչի` լավագույն կատարման համար:

Մրցանակների հավակնորդների «կարճ» ցուցակը որոշել է ժյուրին` «Օպերա» (Opera) ամսագրի գլխավոր խմբագիր և The Daily Telegraph-ի դասական երաժշտության քննադատ Ջոն Էլիսոնի ղեկավարությամբ:

2013 թվականից անցկացվող Միջազգային օպերային մրցանակաբաշխության գլխավոր նպատակը դասական երաժշտական արվեստի ժողովրդականացումն է:

Scroll Up