Ստեփանակերտում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի «Հայրեր և որդիներ» խորագրով ցուցահանդեսը

Մայիսի 9-ին ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության պալատում բացվել է    ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս-Արշակ Սիվասլյանի «Հայրեր և  որդիներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:  Հեղինակային   100  նկարների ընտրանին ներկայացնում է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը՝ 1992 թվականի   ապրիլից  մինչև  1994 թվականը և 2016 թվականի ապրիլյան պատերազմը հավերժացրած ակնթարթներ՝ ազատագրական մարտերից և թիկունքի կյանքից: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կայք-էջը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Առաջին այցելուների թվում էին ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 Հ.Գ Մաքս  Արշակ Սիվասլյանը ծնվել է 1954 թվականին  Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

20 տարեկանից, ֆոտոռեպորտաժներ պատրաստելու նպատակով  երկար ժամանակով մեկնել է հեռավոր երկրներ: 70-ական թվականների վերջին և 80-ական թվականների սկզբին նա հիմնականում եղել է  Հնդկաստանում, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրներում (Բիրմա, Չինաստան, Ֆիլիպիններ): Շրջագայել է նաև Ավստրալիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Թուրքիայում, Հարավային Աֆրիկայում և շատ այլ երկրներում:

1992 թվականի ապրիլին Մաքս Արշակ Սիվասլյանը ժամանել է Արցախ՝ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած  պատերազմի  ընթացքը  լուսաբանելու նպատակով: Նկարները, որոնք նա նկարահանել է հակամարտության առաջին գոտում, հրատարակվել են “Nouvelle d’Armenie” ամսագրում, ինչպես նաև ֆրանսիական և միջազգային մամուլում: 2001 թվականին նրա նկարները տեղ գտան  «Սև այգի, պատմություն պատերազմի մասին» հրատարակչության մեջ: 1994 թվականից  առ այսօր Մաքս Սիվասլյանը հանդիսանում է  Սփյուռքում շատ հայտնի “Nouvelle d’Armenie” ամսագրի մշտական թղթակից:

2011  թվականին, ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Մաքս Արշակ Սիվասլյանը պարգևատրվել է  «Երախտագիտություն» մեդալով: 

Scroll Up